Ախթալայում այսօր՝ փետրվարի 19-ին, լարված իրավիճակ է. Մաքսիմ Հակոբյանի եղբայրը խոչընդոտել է լրագրողների աշխատանքն ու ահաբեկել ցուցարարներին:

Ինչպես տեղեկացնում է «Civil voice» հասարակական կազմակերպությունը, հարյուրավոր բնակիչներ իրենց բողոքն են արտահայտում Ախթալայի Լեռնահարստացման կոմբինատի տնօրինությանը՝ պահանջելով վերականգնել նախօրեին անօրինական կերպով աշխատանքից ազատված մեկ տասնյակից ավելի աշխատակիցներին, վճարել իրենց աշխատավարձը, ինչպես նաեւ բարելավել աշխատանքային պայմանները:

ԼՀԿ տնօրեն Մարտիկ Հակոբյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի եղբայրը, կոպիտ վերաբերմունք ցուցաբերելով խոչընդոտել է քաղաքացիների ահազանգով դեպքի վայր մեկնած «Civil voice» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների ու լրագրողների աշխատանքը: Նա պահանջել է հեռանալ տարածքից եւ չմիջամտել խնդրին: Ցուցարարների ձեռքից վերցրել են նրանց բողոքն արտահայտող պաստառները, ինչպես նաեւ ահաբեկել եւ սպառնացել տեղացիներին:

Նշենք, որ Ախթալայի Լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցներն արդեն մի քանի օր է՝ ոտքի են կանգնել իրենց դժգոհությունը բարձրաձայնելու կապված կոմբինատի ղեկավարության հակաօրինական քայլերի հետ: Բանն այն է, որ ԼՀԿ տնօրինությունը օրեր առաջ անօրինական ձեւով աշխատանքից ազատել էր բազմաթիվ աշխատակիցների: Կոմբինատից նրանց տեղեկացրել էին, որ ազատված են աշխատանքից՝ աշխատանքի ժամանակ աշխատավայրը լքելու պատճառաբանությամբ: Մինչդեռ, իրականում աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու իրական պատճառը փետրվարի 14-ին շուրջ 150 ախթալացիների գործադուլն է եղել, ովքեր գործարանի տնօրինությունից պահանջում էին վճարել չվճարված աշխատավարձերը: