Հայտնի ռուս դաշնակահար Միխայիլ Պլետնեւը, ով մեղադրվում է անչափահասի բռնաբարության մեջ եւ ով գրավով ազատ է արձակվել, իր համերգային գործունեությունը շարունակելու համար խոստացել է թայլանդական դատարան ներկայանալ 12 օր հետո։
Փաթթայայի քաղաքային դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել երաժշտին եւ թույլատրել է նրան ժամանակավորապես դուրս գալ քաղաքից՝ հյուրախաղերի մեկնելու համար։ Թայլանդական օրենքներով, դատարանը 12 օրը մեկ պետք է երկարաձգի կամ փոխի խափանման միջոցը մինչեւ հետաքննության ավարտը։ Յուրաքանչյուր 12 օրը մեկ կասկածյալը պետք է անձնապես ներկայանա դատարան, որպեսզի լսի դատարանի որոշումը։
Պլետնեւը հերքել է համաշխարհային լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, թե նա բռնաբարել է անչափահաս աղջկա։
«Ես նորից հայտարարում եմ, որ այդ ենթադրությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ի տարբերություն մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, ես հայտարարում եմ, որ ոստիկանության անցկացրած խուզարկման ժամանակ իմ համակարգչում ոչ նկար, ոչ էլ մի այլ բան չի հայտնաբերվել»,-նշված է դաշնակահարի տարածած հայտարարության մեջ։
Պլետնեւը պնդում է, որ այս ամենը սկսվեց իր թայվանցի երաժիշտ եւ նկարիչ ընկերոջ ձերբակալությունից հետո, ում եւս մեղադրում էին անչափահասերի բռնաբարության եւ մանկական պոռնոգրաֆիայի մեջ։ «ՌԻԱ-Նովոստի» գործակալության հաղորդմամբ, դաշնակահարը լրագրողներին հայտարարել է, թե նախնական հետաքննության արդյունքում ոստիկանների մոտ ենթադրություն է առաջացել, որ իր ընկերը անչափահաս տղաներ է մատակարարել արտասահմանցի հաճախորդներին։




























