Հարկային պարտավորությունները չկատարելու մեջ եւ ապօրինի ձեռնարկատիրության ծավալելու համար կալանավորված՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի խափանման միջոցի հարցով, ամենայն հավանականությամբ, Վճռաբեկ դատարան բողոք կներկայացվի: Այս մասին NEWS.am-ին ասաց մեղադրյալի փաստաբան Կարեն Սարդարյանը:
Նա նշեց, որ Վերաքննիչ դատարանը անհիմն մերժել է իրենց դիմումը: Նրանք ցանկանում էինք, որ Հակոբ Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերանա եւ նա ազատ արձակվի ստորագրության դիմաց: Պաշտպանական կողմը պատրաստ էր նաեւ որպես գրավ վճարել ցանկացած ողջամիտ գումար: Փաստաբանի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում, բայց այս մասով վերջնական որոշում կկայացնի պաշտպանյալը: Կարեն Սարդարյանը տեղեկացրեց նաեւ, որ Հակոբ Հակոբյանի առողջական վիճակը ծանր է, նրանք դիմել են քրեակատարողական վարչություն, որպեսզի վերջինիս տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան հետազոտություններ անցնելու: Փաստաբանը շեշտեց, որ ՔԿՀ-ում չկա համապատասխան տեխնիկա, որը անհրաժեշտ է նրա սիրտը, ուղեղը հետազոտելու համար: «Նրա վիճակը լավ չէ, այս օրերին բազմիցս շտապօգնություն են կանչել, ուշաթափություններ, ուժեղ գլխացավեր է ունենում, կրծքային հատվածում սրտի ուղղությամբ ցավեր ունի, ճնշումն է բարձրանում»,-ասաց փաստաբանը:
Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Հակոբ Հակոբյանը ծավալել է ապօրինի ձեռնարկատիրություն, որը զուգորդվել է անձանց, կազմակերպություններին կամ պետությանը խոշոր չափի վնաս պատճառելով, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով: Հակոբյանին կալանավորելու որոշում դատարանը կայացրել է փետրվարի 4-ին:





























