Ադրբեջանական կողմը դիվերսանտ Դիլհամ Ասկերովի հարցով շարունակում է «ռմբակոծել» Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության մոսկովյան թղթակիցը  ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի հետ զրույցում եւս մեկ անգամ անդրադարձել է այս հարցին. «Մեկ ամիս է անցել, ինչ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հայկական կողմի հետ կքննարկի Դիլհամ Ասկերովի հարցը։ Այդ քննարկումները արդյոք որեւէ արդյունք տվե՞լ են»։

Լուկաշեւիչը, հարցին ի պատասխան, հիշեցրել է այդ կապակցությամբ Լավրովի արած հայտարարությունը. «Ինչպես արդեն հայտարարել է նախարար Սերգեյ Լավրովը, այդ հարցը մենք կքննարկենք մեր հայ գործընկերների հետ»։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը փորձում է «ապացուցել», թե իբր  Դիլհամ Ասկերովը ՌԴ քաղաքացի է։ Ռուսական կողմն արդեն հերքել է այդ տեղեկությունը, սակայն ադրբեջանական մամուլին այդ հանգամանքը քիչ է հետաքրքրում։

Հիշեցնենք, որ որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը  եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով:  Տվյալ անձինք հատուկ առաջադրանքոց տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել: