Հայաստանի քննչական կոմիետի Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ փետրվարի 19-ին Արմենակյան փողոցում 4 անձի վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ քաղաքացի Ավետիսյանի վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Նոր Նորք վարչական շրջանի Արմենակյան փողոցում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ վրաերթի ենթարկել հետիոտներին, որոնց թվում են եղել 29-ամյա Աննա Հարությունյանն ու մանկասայլակի մեջ գտնվող նրա երկու մանկահասակ զույգ տղաները, 82-ամյա Անահիտ Կարապետյանը։ Վրաերթի հետեւանքով երեխաներից մեկը մահացել է, իսկ մյուսը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Երեխաների մայրը գտնվում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում է, իսկ Անահիտ Կարապետյանը՝ վնասվածքաբանական հիվանդանոցում:

Պարզվել է, որ վթարի հետեւանքով վնասվածք է ստացել նաեւ «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Գայանե Ժամկոչյանը, ով եւս տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, վարորդը բերման է ենթարկվել։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։