Հայ ընթերցողների շրջանում ամենամեծ պահանջարկն են վայելում «Արգելված գրականության» մակնշված գրքերը, հետո ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, Գիրք նվիրելու օրը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց երեւանյան գրախանութներից մեկի աշխատակիցը:
«Հիմնականում ընթերցողները, ովքեր այցելում են մեր գրախանութ, ընտրում են «Արգելված գրականության» ցանկին պատկանող գրքերը, եւ դա, կարծում եմ, նախեւառաջ կապված է այն հանգամանքի հետ, որ դրանք ժամանակին հրատարակելը կամ ձեռագիր տարածելը արգելված էր»,- ասաց գրախանութի աշխատակիցը։
Գրախանութի մենեջերի խոսքով, հայ ընթերցողները հիմնականում կարդում են ռուսերեն։
«Եթե գրականությունը դասակարգենք ըստ պահանջված լեզուների, ապա միանշանակ է, որ մեր ընթերցողները նախեւառաջ կարդում են ռուսերեն գրականություն, այնուհետեւ անգլերեն, եւ հետո միայն հայերեն»,- ասաց նա:
Գրախանութի մենեջերը NEWS.am-ի խնդրանքով առանձնացրեց վերջին ամիսներին ամենամեծ պահանջարկ ունեցող գրքերի հնգյակը` Դեյվիդ Հերբերթ Լորենսի «Լեդի Չաթըրլիի սիրեկանը», Հենրի Միլլերի «Խեցգետնի արեւադարձը», Ջորջ Օրուելի «1984»-ը, Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը», Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ»:
Նշենք, որ արգելված գրականություն համարվում են գրական այն աշխատությունները, որոնց կարդալու և պահպանելու համար տարբեր ժամանակներում տարբեր երկրներում արգելանք է եղել: Հաճախ արգելված գրականության ցանկի մեջ հայտնվում էին այն գրքերը, որոնք հակասում էին քաղաքական, կրոնական, սոցիալական և սեռական նորմերին:
Փաստորեն, վերջին մի քանի ամիսներին հայ ընթերցողների շրջանում ամենապահանջված երկու գրքերը էրոտիկ բնույթի են՝ Դեյվիդ Հերբերթ Լորենսի «Լեդի Չաթըրլիի սիրեկանը», Հենրի Միլլերի «Խեցգետնի արեւադարձը»։ Մինչդեռ հայ երիտասարդները խուսափում են տեսախցիկի առջեւ կարծիք հայտնել էրոտիկ գրականության մասին, ընդ որում՝ կանանց արձագանքը «կարդո՞ւմ եք արդյոք էրոտիկ գրականություն» հարցին ավելի ադեկվատ է. նախընտրում են լավ գրականություն՝ անկախ բնույթից։ Գրախանութի արական սեռի հաճախորդներից միայն երկուսը պատասխանեցին հարցմանը, որոնցից մեկը «դժվարացավ պատասխանել», մյուսը՝ նկատեց, որ նման գրականությունը տհաճ է։





























