Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի բնակչուհի, հղիության 5-րդ ամսում մահացած 28-ամյա Նարինե Շարոյանին «Արմավիր» ԲԿ ծննդատուն ընդունած հերթապահ գինեկոլոգ Հասմիկ Հակոբյանը, որը կնոջը մանկաբարձական բաժանմունքի փոխարեն ինֆեկցիոն բաժանմունք էր տեղափոխել, պնդում է, որ սխալ թույլ չի տվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց բժշկուհին:

Նշենք, որ ՀՀ Քննչական կոմիտեն հրապարակել է Նարինե Շարոյանի մահվան դեպքով նշանակված փորձաքննության պատասխանները, որոնց համաձայն՝ կնոջ բոլոր հետազոտությունները հիվանդանոց ընդունվելուց անմիջապես հետո պետք է կազմակերպվեին ոչ թե ինֆեկցիոն, այլ մանկաբարձական բաժանմունքում: Ըստ փորձագետների՝ հետագայում ձեռնարկված համարժեք բուժական միջոցառումները արդյունք չեն տվել եւ հնարավոր չի եղել փրկել կնոջ կյանքը, քանի որ ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխելու պատճառով տրվել է նրա վիճակի ոչ ճիշտ գնահատական, ախտորոշումը եղել է ուշացած:

Բժշկուհի Հասմիկ Հակոբյանը, որի որոշմամբ էր Նարինեն ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխվել, կատարվածում իր մեղավորությունը չի տեսնում:

«Ամեն ինչ արվել է ճիշտ, իմ կողմից մեղավորություն չկա: Կինը տեղափոխվել է նախարարի հրամանի համաձայն: Նախարարի հրաման կար, որ այդ դեպքում անպայման ուղարկում են ինֆեկցիոն բաժանմունք, որովհետեւ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում չկան համապատասխան պայմաններ»,- ասաց բժշկուհին:

Նշենք, որ դեպքից մոտ ութ ամիս անց Հասմիկ Հակոբյանը շարունակում է աշխատել «Արմավիր» ԲԿ-ում։

Հիշեցնենք, որ Նարինե Շարոյանին «Արմավիր» բժշկական կենտրոն տեղափոխել էին  թունավորում ախտորոշմամբ, նա փսխել էր, այնուհետեւ ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխվելուց հետո սկսել էր արնահոսել, նրան կեսարյան հատում էին արել, հեռացրել արգանդը: Վիրահատությունից հետո Նարինեին «Արմավիր» ԲԿ-ից տեղափոխել էին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նա հուլիսի 2-ին մահացել էր։ 28-ամյա Նարինեն 7 տարեկան երեխա ուներ։

Դեպքի առթիվ նշանակված փորձաքննության՝ այսօր հրապարակված արդյունքներով՝ խախտումներ են հայտնաբերվել Նարինե Շարոյանի նկատմամբ «Արմավիր» բժշկական կենտրոնում բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Արմավիրի քննչական բաժին, որտեղ այն ընդունվել է վարույթ: