2050 թվականին Կովկասի սառցաշերտերը 40 տոկոսով կհալչեն: Նման եզրահանգման են եկել Ռուսաստանի Ռոսհիդրոմետի բարձրլեռնային երկրաֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցները:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, ինստիտուտի գիտական գծով տնօրեն Հաժբար Կալովը նշել են, որ Կովկասում սառցալեռների հալոցք է նկատվում: «Ռոսհիդրոմետն ու Ռուսաստանի գիտությունների ակադեմիան Հյուսիսային Կովկասում ուսումնասիրում են սառցաշերտերը: Մեր գնահատականներով, XXI դարի կեսերին մեծ Կովկասի սառցային տարածությունների նվազումը կարող է կազմել 35-40%»,- ասել է նա:

Գիտնականները նման եզրակացության են հանգել բազմամյա ուսումնասիրությունների արդյունքում:

«Մենք ուսումնասիրում ենք սառցաշերտերի հալոցքը Էլբրուսի վրա եւ դրան կից շրջաններում (սառցաշերտերի մակերեսը 120 կմ քառակուսի է): Վերջին 100 տարիների ընթացքում սառցաշերտերը կրճատվել են 40%-ով՝ ըստ մակերեսի եւ 56%-ով՝ ըստ ծավալների: Սառցաշերտերի հալոցքը տեղի է ունենում ավելի արագ, քան դրանց կուտակումը: Դա գլոբալ տաքացման արդյունք է»,- պարզաբանել է գիտնականը: