2014թ. ընթացքում Լատվիայում պետական լեզվի մասին օրենքի խախտման համար 769 մարդ վարչական պատասխանատվության է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Լատվիայի պետական լեզվի կենտրոնը։
Խախտումներից 423-ի դեպքում տուգանքը կիրառվել է մասնագիտական եւ ծառայողական պարտավորությունները կատարելիս լատիշերենը ոչ բավարար չափով կիրառելու համար։ Հիմնականում տուգանել են սպասարկման եւ առեւտրի ոլորտի ներկայացուցիչներին։ Եւս 231 դեպքերում տուգանքը կիրառվել է ապրանքների վրա ոչ պետական լեզվով կատարված գրառումների կամ օգտագործման մասին ցուցումներում լատիշերեն տարբերակի բացակայության պատճառով։ 50 տուգանք էլ նշանակվել է օտար լեզվով գրված վահանակերի եւ պաստառների համար։
Լատվիայում բնակվում է 2 մլն մարդ, որոնց 40 տոկոսը ռուսախոս է։
Երկրի միակ պետական լեզուն լատիշերենն է, իսկ ռուսերենը համարվում է օտար լեզու։





























