Երեւանում փետրվարի 23-27-ը տեղի կունենա վայրի կենդանատեսակների եւ բուսատեսակների անօրինական առեւտրի կանխարգելմանն ուղղված ուսուցողական սեմինար:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ Բնապահպանության նախարարության եւ Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի հետ համատեղ փետրվարի 23-ից 27-ը կազմակերպում են ուսուցողական սեմինար Երեւանում՝ «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական եւ բուսական աշխարհի տեսակների միջազգային առեւտրի մասին» կոնվենցիայի դրույթների կիրառման վերաբերյալ:

«Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական եւ բուսական աշխարհի տեսակների միջազգային առեւտրի մասին» կոնվենցիան (CITES, 1973) կարգավորում է հազվագյուտ կենդանատեսակների եւ բուսատեսակների արտահանումը, վաճառքը կամ փոխանակումը երկրների միջեւ: Կոնվենցիային անդամակցում են 180 երկրներ, Հայաստանի Հանրապետությունը՝ 2009թ. հունվարի 21-ից:

Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամն իրականացրել է մասնագիտական զարգացման սեմինարներ Միջին Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Կարիբյան եւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ԱՊՀ երկրների տարածքում եւ այլուր:

ՀՀ-ում հնգօրյա սեմինարն ընդգրկում է տեսական դասընթացներ եւ գործնական պարապմունքներ ՀՀ մաքսակետերում եւ նախատեսված է վայրի կենդանատեսակների եւ բուսատեսակների արտահանման եւ ներմուծման գործընթացի հետ առնչվող  բոլոր պետական հաստատությունների աշխատակիցների համար (ՀՀ Բնապահպանության նախարարություն, ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ Ֆինանսների նախարարություն, Երեւանի կենդանաբանական այգի եւ այլն)` ուղղված վերջիններիս գիտելիքների ավելացմանն ու մասնագիտական կարողությունների զարգացմանը: