Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դիմել է Ուկրաինայի օմբուդսմենին՝ իր մտահոգությունը հայտնելով Ուկրաինայում գործարար Շաբաբ Ալոյանի սպանության համար ցմահ ազատազրկված Մերաբ Ալոյանի առողջական վիճակի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին ասաց օմբուդսմենի խոսնակ Շուշան Դանիելյանը:
«Մենք մանրամասն նկարագրել ենք Մերաբ Ալոյանի առողջական վիճակը: Ուկրաինայի օմբուդսմենն էլ մեզ պատասխան գրություն է ուղարկել՝ հայտնելով, որ դիմումը հանձնել է ՔԿՀ վարչությանը: Հարցն ընթացքի մեջ է»,- ասաց Շուշան Դանիելյանը:
Նշենք, որ Ուկրաինայի օմբուդսմենն ամիսներ առաջ անձամբ հանդիպել էր Ալոյանին:
Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերին Մերաբ Ալոյանը Ուկրաինայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման երկու այլ անձանց հետ գործարար Շաբաբ Ալոյանի սպանությունը պլանավորելու եւ իրականացնելու համար: Փաստաբանները վճիռը բողոքարկել էին Ուկրաինայի Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններ, սակայն վճիռն անփոփոխ էր մնացել: Մերաբ Ալոյանի փաստաբաններն ու պաշտպանող կազմակերպությունները պնդում են, որ Մերաբ Ալոյանի կյանքին կալանավայրում վտանգ է սպառնում:



























