Երեւանի Կենտրոն վարչական շրջանի աղբահանության եւ սանմաքրման ծառայության նախկին աշխատակիցները, որոնք վերջին օրերին հավաքվում էին նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց վերջնահաշվարկները, առաջիկա երկու ամիսներին այլեւս բողոքի ակցիաներ չեն անցկացնի, քանի որ քաղաքապետարանը խոստացել է երկու ամսվա ընթացքում լուծել նրանց խնդիրը: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Քյարամ Թամոյանը:

«Էլ չենք հավաքվելու, քաղաքապետարանից ասեցին` 2 ամսվա մեջ կլուծենք ձեր աշխատավարձերի հարցը, ասեցին՝ էլ մի բողոքեք»,-ասաց Թամոյանը:

Հիշեցնենք, որ «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի լուծարումից հետո աշխատակիցներին ստիպել են ազատման դիմումներ գրել, սակայն վերջնահաշվարկ այդպես էլ չի կատարվել: Աշխատակիցները նախորդ տարվա դեկտեմբերին աշխատել են մաքրության նոր օպերատոր «Սանիտեկ» լիբանանյան ընկերությունում, որն աշխատանքի դիմաց գումարի կեսն է վճարել: Աշխատակիցներն իրենց վերջնահաշվարկը եւ մեկ ամսվա աշխատավարձի կեսը ստանալու պահանջով մինչեւ այս բազմաթիվ բողոքի ակցիաներ են արել նախագահական նստավայրի եւ քաղաքապետարանի մոտ: