2009 թվականին սկիզբ դրված հեռուստահեռարձակման անցման գործընթացը մոտենում է հանգուցալուծմանը: Նախատեսված աշխատանքների հիմնական մասն ավարտված է։

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, թե պայմանագրով նախատեսված սարքավորումների ամբողջ խմբաքանակն արդեն ներկրվել է Հայաստան, աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն օրենքով սահմանված ժամկետներում:

Հաստատված է թվայնացման տեխնիկական համակարգերի հայեցակարգը, հայտարարված մրցույթների արդյունքում ընտրվել են աշխատանքներն իրականացնող գործընկերները, ինչպես նաեւ ապրանքների, տեխնիկական միջոցների, ծրագրային ապահովման մատակարարները:

ՀՀ տարածքում հեռուստաեթերի թվայնացումն ամբողջությամբ նախատեսված է ավարտել 2015թ. հուլիսին, սակայն 2014 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի մասնակցությամբ տրվեց թվային հեռուստահեռարձակման փորձնական ազդանշանի մեկնարկը, որից հետո արդեն թվային հեռուստահեռարձակման առավելությունները տեսանելի են ՀՀ մի շարք բնակավայրերի բնակիչների համար։

Իրականացվում է փորձնական թվային հեռարձակում, որը հասանելի է մայրաքաղաքում, Շիրակի մարզի թվով 73 (այդ թվում Գյումրիում), Արագածոտնի մարզի 44, Արարատի մարզի 84, Արամավիրի մարզի 95, Կոտայքի մարզի 44, Լոռու մարզի 8 (այդ թվում Վանաձորում) եւ Տավուշի մարզի 30 (այդ թվում՝ Իջեւանում) բնակավայրերում:

Անցնելով թվային հեռարձակման՝ մարզերում բնակվող քաղաքացիները բոլորովին նոր որակով կկարողանան դիտել 9, իսկ Արարատյան դաշտավայրին եւ Երեւանին հարակից տարածքներում բնակվողները՝ 18 հեռուստաալիք: