Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մոտ 2013թ. ապրիլին 19-ամյա Տիգրան Հայրապետյանին սպանելու համար 10 տարվա ազատազրկման դատապարտված 17-ամյա Հայկ Աղամալյանի հարազատները պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
NEWS.am-ի հետ զրույցում Հայկի մայրը՝ Նարինե Արիստակեսյանը, հայտնեց, որ թեեւ ՀՀ Վերաքննիչ դատարանը դեռեւս որոշում չի կայացրել, իրենք Հայաստանի արդարադատությանը չեն հավատում:
«Երկու նիստ եղել է այս գործով, բայց համոզված ենք, որ մեր բողոքը մերժելու է, անիմաստ է Հայաստանում պայքարելը: Մենք մտածում ենք եվրոպական դատարան դիմելու մասին, որովհետեւ էստեղ ոչինչ էլ չի փոխվի»,- ասաց տիկին Նարինեն:
Նրա խոսքով՝ որդին էլ ծանր հոգեբանական վիճակում է, քանի որ հասկանում է՝ «իրեն անմեղ տեղն են դատում»:
Նշենք, որ նոյեմբերի 25-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Հայկը մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ դատապարտվելով 10 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Աղամալյանը Տերյան փող. 72շ. հարեւանությամբ մի խումբ անձանց հետ վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Տիգրան Հայրապետյանի կրծքավանդակին եւ նրան ապօրինաբար զրկել կյանքից:





























