Սահմանադրական բարեփոխումներին արժե անդրադառնալ գալիք տարի եւ այժմ կրքեր չբորբոքել. այս տարի Հայաստանն իրավունք չունի իրեն այդպիսի կինտոյական շռայլություն թույլ տալու։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը: Ներկայացնում ենք նրա մեր հարցազրույցը:

Ինչպե՞ս եք գնահատում փետրվարի 12-ին ՀՀԿ նիստում Սերժ Սարգսյանի հնչեցրած ելույթը եւ Գագիկ Ծառուկյանի հասցեին ասված խոսքերը: Ի՞նչն էր հանգեցրել նման կոշտ գնահատականներով հանդես գալուն եւ կտրուկ քայլերի դիմելու պատրաստակամությանը:

Խորապես ցավում եմ. հատկապես երկրի նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի, մշակույթի եւ կրթության նախարարների եւ ընդհանրապես կիրթ մարդկանց մանավանդ հրապարակային ելույթներում իսպառ պետք է բացառվեն նման բառապաշարն ու ոճը: Դա ճշտիվ նույնն էր, ինչ նախորդի՝ «Ո՞վ է այն տղամարդը» բազմիցս պարսավված խայտառակ միտքը: Իսկ իշխանությանը կտրուկ քայլերի դիմելու պատրաստակամության պատճառներն ու շարժառիթները, պետք է որ, հույժ բազմաշերտ լինեն. սկսած իշխանությունների տիրապետած անհրապարակելի տեղեկատվությունից մինչեւ արտաքին պարտավորվածություններ:

Ինչպիսի՞ն էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պատասխանը, որքանո՞վ էր այն համարժեք:

Բառապաշարի եւ ոճի առումով, անշուշտ, պարոն Ծառուկյանի պատասխանը պարկեշտ էր եւ զուսպ: Սակայն նրա գործողություններից առայժմ երեւակվածը, ըստ իս, քաղաքականության հետ աղերսներ չունի: Ի դեպ, ուղիղ մեկ տարի առաջ (27.02.2014թ.) ես այդպիսի մի բան ասել էի Ձեզ հետ հարցազրույցում. «Մշուշոտ է այն ժողովրդի ապագան, որը կարող է ԲՀԿ-ն կուսակցություն, իսկ պարոն Ծառուկյանին`քաղաքական գործիչ ընկալել»։ Եվ պարոն Ծառուկյանին (իսկ գուցե եւ՝ ո՛չ նրան) սպասարկող մամուլն այնպիսի լկտի բառապաշարով հակադարձեց ինձ, որ վերստին համոզվեցի ասածիս բացարձակ ճշմարտության մեջ: Վերջին իրադարձությունները կրկին հանգեցնում են նույն մտքին:

Թվում էր, թե պետք է սկսվեին հանրահավաքներ, պայքար, սակայն ոչինչ էլ չեղավ, ի՞նչն է պատճառը, սպասելի՞ էր ստեղծված իրավիճակը:

Ստեղծված իրավիճակը սպասելի չէր: Շատ ուրախ եմ, որ ոչինչ էլ չեղավ, որովհետեւ լինելիքը միայն կորուստն էր լինելու: Ապրեն դաշնակցականները, որ իրենց ներդրումն ունեցան այս պատասխանատու տարում կենսականորեն անհրաժեշտ ներքաղաքական ապակայունացումը կասեցնելու գործում:

Որքանո՞վ եք հավանական համարում Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալը, ի՞նչ կլինի ԲՀԿ-ի հետ այդ դեպքում, ո՞վ կղեկավարի այդ ուժը:

Նախ՝ պարոն Ծառուկյանը, ի պատիվ իրեն, չեմ կարծում, թե երբեւէ եղել է քաղաքականության մեջ, որ հիմա էլ դուրս գա: Լավ կլինի, որ ԲՀԿ-ն վերջապես մտնի իրական քաղաքականություն եւ դառնա ազատական հոսքի ազդեցիկ կուսակցություն, ինչի կարիքը մեր երկիրն ունի, իսկ կուսակցությունն էլ բացահայտորեն ղեկավարի հենց նա, ով ստեղծել է այն: Դա կրկնակի լավ կլինի, քանի որ չի բացառվում, որ աստիճանաբար կկայանա երկրի հայրերի՝ գործող եւ պաշտոնաթող նախագահների ռազմավարական, հեռահար արդյունավետությամբ ինստիտուտը:

Ի՞նչ է սպասվում եռյակին, այն կլուծարվի՞:

Այն լուծարված էլ ծնվել էր:

Ի՞նչ քաղաքական զարգացումներ առաջիկայում սպասենք Հայաստանում: Կարելի՞ է ասել, որ ներքաղաքական այս փուլը փակելուց հետո կսկսվի սահմանադրական բարեփոխումների գործընթացը:

2015-ը շատ կարեւոր տարի է. այն մի կողմից դարեր երազած բացառիկ հնարավորությունների տարի է լինելու, մյուս կողմից՝ բավականին լուրջ որոգայթներով ու համակործանման վտանգներով հղի տարի, ուստի քաղաքական ոչ մի զարգացում էլ չէի կամենա: Լավագույնը կլիներ 2015-ը հայտարարել ներքաղաքական մորատորիումի տարի, եւ ազգային ներուժը գերլարել՝ վերոնշածս հնարավորություններն առավելագույնս իրացնելու համար: Բայց դե այնքան էլ վստահ չեմ մեր սթափությանը՝ հայի առաջին խելքին, եւ երկրորդն էլ միշտ ուշացած է լինում, ցավոք: Իսկ սահմանադրական բարեփոխումներին արժե անդրադառնալ գալիք տարի եւ այժմ կրքեր չբորբոքել. այս տարի Հայաստանն իրավունք չունի իրեն այդպիսի կինտոյական շռայլություն թույլ տալու:

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը