Ռուսաստանի տնտեսական ծանր իրադրությունն ազդեց նաեւ այդ երկրի աշխատանքային միգրանտների վրա: Թվարկենք խնդիրներից միայն մի քանիսը. դրամական փոխանցումների համար անբարենպաստ արտարժույթի փոխարժեքը, երկնիշ գնաճը, աշխատանքի տեղավորման հարցում խնդիրները:
Չնայած բազմաթիվ միգրանտներ ստիպված համաձայնում էին աշխատել նույնիսկ այդ պայմաններով, Ռուսաստան կոնկրետ անձանց մուտքի կանոնների խստացումը (ընդհուպ մինչեւ արգելքը) բավական բարդացրեց իրավիճակը:
Այս բոլոր խնդիրների օրինաչափ արդյունքը եղավ «ռուսական» դրամական փոխանցումների հոսքի հսկայական անկումը: Նախ ներկայացնենք բոլոր երկրների մասով ցուցանիշները: Պաշտոնական տվյալներով, ոչ առեւտրային նշանակության մասնավոր փոխանցումների ընդհանուր գումարը, որոնք անցյալ տարի փոխանցվել են բանկերի միջոցով, նվազել է 141.2 մլն դոլարով կամ 7.6%-ով:
Նշենք, որ այլ երկրներից (առանց Ռուսաստանի) դրամական փոխանցումների գումարն անցյալ տարի ավելացել է գրեթե 31.2 մլն դոլարով կամ 11.8%-ով: Սակայն այդ երկրների ազդեցությունն ընդհանուր ցուցանիշի վրա այնքան էլ մեծ չէ: Չնայած «ռուսական» փոխանցումների մասնաբաժինն անցյալ տարի նվազել է 3 տոկոսային կետով, այն, ամեն դեպքում, շարունակում է տպավորիչ մնալ՝ 83%: Այդ գործոնն էլ «ճակատագրական դեր» խաղաց: Ռուսական փոխանցումների ներհոսքի հսկայական անկումը (172.4 մլն դոլարով կամ 10.7%-ով) կանխորոշեց ընդհանուր ցուցանիշի բացասական շարժը:
«Ռուսական» դրամական փոխանցումների համար ամենից կործանարարը դեկտեմբերն էր, երբ մեր հյուսիսային հարեւանի մոտ առկա ճգնաժամային երեւույթները հասան տարեկան առավելագույնին: Այդ ամսվա ընթացքում Ռուսաստանից փոխանցումները տարեկան կտրվածքով կրճատվեցին գրեթե 63 մլն դոլարով կամ ավելի քան 1.6 անգամ:
Նշենք, որ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումների հոսքն անցյալ տարի ավելացել է գրեթե 22.9 մլն դոլարով կամ 12.7%-ով: Արդյունքում, Ռուսաստանի գծով ներհոսք-արտահոսքում դրական սալդոն նվազել է 195.3 մլն դոլարով:






























