ՌԴ տարածքում գրանցված ավելի քան 100 ԶԼՄ-ների լրագրողների հավատարմագրման գործընթացը Ուկրաինայի պատկան մարմիններում կասեցվել է։ Այս մասին գրում է unn.com լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի ԱԾ մամուլի խոսնակ Ելենա Գիտլանսկայային։
Ըստ նրա՝ այդ որոշումը կայացվել է յուրաքանչյուր լրատվամիջոցի մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում։
«Համաձայն Ուկրաինայի Գերագույն Ռադայի որոշման՝ Անվտանգության ծառայությունը պատրաստել է ռուսական ԶԼՄ-ների ցուցակը, որոնց լրագրողների հավատարմագրումը պետական հաստատություններում ժամանակավորապես կասեցվել է։ Ցուցակը փետրվարի 19-ին հանձնվել է Գերագույն Ռադային։ Ցուցակում տեղ են գտել 100-ից ավել լրատվամիջոցներ։ Խոսքը ՌԴ տարածքում գրանցված զանգվածային լրատվամիջոցների մասին է։ Մենք այս որոշումը կայացրել ենք մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո։ Այսինքն, եթե մենք տեսնում ենք, որ պարբերականը զբաղվում է հակաուկրաինական քարոզչությամբ»,- պարզաբանել է գերատեսչության մամուլի խոսնակը։
Նա նաեւ հավելել է, որ Ուկրաինայի տարածք մուտք գործելու համար յուրաքանչյուր լրագրողի հարցով կայացվում է անհատական որոշում։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Գրոյսմանը ստորագրել էր Ուկրաինայի պետական իշխանության մարմիններում որոշ ռուսական ԶԼՄ-ների հավատարմագրման կասեցման մասին նախկինում ընդունված որոշումը։
ՌԴ-ում Գերագույն Ռադայի որոշումը որակել են իբրեւ խտրականություն։


























