«Իրավունքի Եվրոպա միավորման» հասարակական կազմակերպությանն այս անգամ առանց որեւէ պատճառաբանության հնարավորություն չեն տվել ծանոթանալու ՄԻԵԴ հայաստանյան մրցույթում առաջադրված անձանց փաստաթղթերին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա միավորման» հասարակական կազմակերպության անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը:

ՄԻԵԴ հայաստանյան 2-րդ մրցույթի 2-րդ՝ հարցազրույցի փուլը սկսվելու է փետրվարի 26-ին, այն հավանաբար կանցկացվի 2-3 օրով: Առաջադրված 15 թեկնածուներից միայն մեկը՝ Արդարադատության նախարարի  խորհրդական Հայկանուշ Պարսամյանը չի անցել փաստաթղթային փուլը: Տիգրան Եգորյանը նշեց, որ անհասկանալի է, թե ինչու նախորդ մրցույթում հաղթած եւ Հայաստանի կողմից ներկայացված երեք թեկնածուները նորից դիմում են ներկայացրել: Այս պարագայում փաստաբանը անհրաժեշտ է համարում, որպեսզի անպայման հրապարակվի Եվրոպայի խորհրդի մասնագիտական խորհրդատվական մարմնի եզրակացությունը, որպեսզի պարզ լինի, թե ինչու էին մերժվել Հայաստանից ներկայացված թեկնածուները:  Նախորդ անգամ մրցույթին հայտ ներկայացրած անձանց մեծ մասը այս անգամ եւս դիմել է, ընդամենը 4 հոգի չեն դիմել, որոնցից ամենատարօրինակ Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Դավիթ Խաչատրյանի եւ Արդարադատության նախկին փոխնախարար Եղիշե Կիրակոսյանի չդիմելու հանգամանքն է:

Մրցույթի հանձնաժողովի կազմում նույն անձինք ենք՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյան, Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյան, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյան, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյան, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյան, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյան եւ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյան: «Արմավիրի մարզի դատարանի նախագահին գործող նախագահը ներկայացրել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, քանի որ ինքը ղեկավարում է Դատավորների միություն հ/կ-ն, բայց նա գործող պաշտոնյա է, քաղհասարակության ներկայացուցիչ չի կարող լինել, ինչքան էլ հասարակական կազմակերպություններ ղեկավարի, սա զավեշտալի է»,-ասաց փաստաբանը:

Տիգրան Եգորյանն ասաց, որ ԻՀԿ-ն դիմել էր ՄԻՊ-ին, որպեսզի Կարեն Անդրեասյանը ինքնաբացարկ հայտնի եւ իրականացի մարդու իրավունքի պաշտպանի սահմանադրական գործառույթները: «Լինելով հանձնաժողովի անդամ՝ նա չի կարող իրականացնել ՄՒՊ գործառույթները, մենք պահանջել էինք ինքնաբացարկ հայտնել եւ չզրկել հանրությանը այդ գործընթացում ՄԻՊ ունենալու հնարավորությունից,  քանի որ նախորդ անգամ մեր բազմաթիվ դիմումները ՄԻՊ-ին մնացել էին անպատասխան, նա լռել էր թե որպես ՄԻՊ, թե որպես հանձնաժողովի անդամ: Սակայն մեր այս միջնորդությունից կարծես մի քիչ նեղացել էին եւ ինչպես հասկանում ենք՝ նա դուրս չի գա հանձնաժողովից»,-ասաց Տիգրան Եգորյանը:

Նա նշեց նաեւ, որ այս մրցույթի թափանցիկության վերաբերյալ բոլոր մտահոգությունները հաստատվեցին,  այս անգամ նրանց առանց որեւէ պատճառաբանության թույլ չեն տվել ծանոթանալ դիմումատուների փաստաթղթերին, հայտնել են, թե այն, ինչ պետք լինի, կհրապարակեն, մինչդեռ ՀՀ նախագահի հրամանագրով՝ հանձնաժողովը պետք է գործունեությունը ծավալի թափանցիկ եւ հրապարակային: Բայց ԻՀԿ-ն մտադիր է ամբողջովին դիտարկել բանավոր հարցազրույցների փուլը, վերլուծել, եզրակացություններ ներկայացնել:

Տիգրան Եգորյանը շեշտեց, որ եթե այս անգամ էլ վատ անցկացնեն մրցույթը, ապա Եվրոպայի կողմից երկրորդ մերժումը կստանան, ինչպես օրինակ՝ Սլովակիան, մինչեւ չսթափվեն եւ Եվրոպական կոնվենցիայով սահմանված չափանիշներին համապատասխան թեկնածու ընտրեն թափանցիկ եւ հրապարակային մրցույթի արդյունքում:

Ի դեպ,  ԵԽԽՎ-ում ՄԻԵԴ դատավորի ընտրությունը կկայանա ապրիլի 15-ին, ինչը նշանակում է, որ դրանից ատնվազն մեկ ամիս շուտ պետք է ՀՀ-ից ուղարկվի դատավորների ՀՀ ցուցակը:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ից առաջադրված թեկնածուներն էին՝ ՀՀ նախկին ՄԻՊ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյան, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյան եւ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյան։  Սերժ Սարգսյանը չեղյալ է ճանաչել հայաստանյան մրցույթի արդյունքները:Հայտարարվել է նոր մրցույթ, առաւջադրվել է 15 թեկնածու: