Նարինե Նիկողոսյանը ստում է՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչ Էդիսոն Ադյանին մեղադրելով իր նորածին երեխային առեւանգելու մեջ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Էդիսոն Ադյանի եղբայրը՝ Յուրա Ադյանը։
«Ստահոդ լուր է, մի հավատացեք եւ մարդկանց մի արատավորեք»,-ասաց Յուրա Ադյանը, թեեւ հեռախոսն անջատելուց առաջ հայտարարեց, որ Էդիսոն անունով եղբայր չունի:
Նշենք, որ Նարինե Նիկողոսյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ հղիության ընթացքում Յուրա Ադյանին երկու անգամ հանդիպել է պոլիկլինիկայում, որտեղ նա ներկայացել է որպես Էդիսոնի եղբայր եւ հետաքրքրվել Նարինեի ապագա երեխայով։
«Եթե հարազատ եղբայրներ չեն, ուրեմն հաստատ ազգականներ են, ինձ ասում էին, որ եղբայրներ են: Յուրային առաջին անգամ Զեյթունի պոլիկլինիկայում եմ տեսել, բժիշկն է ծանոթացրել: Երբ դուրս եկանք, նստեցի նրա մեքենան, բժիշկը դեղատուն էր մտել: Ինձ հարցրեց՝ երեխա ե՞ս ունենալու, ասացի՝ հա, ասեց՝ ի՞նչ սեռի է, ասեցի՝ տղա, հետո բժիշկը եկավ, Յուրան խոսքը փոխեց ու հարցրեց՝ հը՞ն, հիմա երեխուն տալու՞ ես, շփոթված էի, ասեցի՝ հա, բայց հետո կտրականապես դեմ եմ եղել երեխայիս նրանց տալուն: Յուրային մեկ էլ երեխայի ծնունդից մի քանի օր առաջ հիվանդանոցում եմ տեսել: Բժիշկի սենյակում վեճ եղավ երեխան իրենց տալու թեմայով. ես դեմ էի, մինչեւ վերջ էլ դեմ եմ եղել: Դրանց հետո ոստիկանություն եմ դիմել, մեկ էլ առերեսումների ժամանակ եմ Յուրային տեսել»,-պատմեց Նարինե Նիկողոսյանը:
Հիշեցնենք, որ Նարինե Նիկողոսյանի խոսքով՝ իր ծանոթ բժիշկներից Հրաչ Կալուստյանն իրեն ծանոթացրել է 60-ամյա Էդիսոն Ադյանի հետ, որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել իրեն հղիության ընթացքում՝ ձեռք բերելով կնոջ վստահությունը, իսկ 2013թ. հունիսի 15-ին ծննդատնից գողացել նրա նորածին որդուն։ Կնոջ պատմելով՝ երեխային գողանալուց հետո Հրաչ Կալուստյանն իրեն տարել է նոտարական գրասենյակ եւ խաբեությամբ կորզել ստորագրություն, որով Էդիսոն Ադյանը 1-ամյա Արթուրի օրինական հայրն է ճանաչվել: Հրաչ Կալուստյանը Հայաստանից հեռացել է, իսկ Էդիսոն Ադյանը պնդում է, որ ինքը երեխայի կենսաբանական հայրն է։ Նարինեն վստահեցնում է, որ երեխայի հայրը Ադյանը չէ: Նշենք, որ Նարինեն ոստիկանություն է բողոք է ներկայացրել՝ իր երեխային առեւանգելու վերաբերյալ, սակայն քննիչները գործը կարճել են հանցակազմի բացակայության հիմքով։ Նարինեն քննիչների այս որոշումը բողոքարկող հայցով դիմել է դատարան։





























