Մոտ մեկ տասնյակ եզդիներ այսօր՝ փետրվարի 23-ին, հավաքվել են ԱԺ շենքի մոտ՝ հայտնելու իրենց դժգոհությունը՝ կապված Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի կողմից հավանության արժանացած՝ «Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» օրենքի նախագծի հետ։
Եզդիները պահանջում են նախագծում ընդգրկել նաեւ եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը:
«Մեզ համար վիրավորական է, որ Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմինը նախագծում չի ներառել եզդիների ցեղասպանությունը: Այսօր բազմաթիվ փաստեր կան, որոնք վկայում են եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին: Իրենք նշում են, որ ասորիների, հույների հետ լավ հարաբերություններ են եղել, բայց անտեսում են եզդիների հետ ունեցած բարեկամությունը: Մեր ակցիան ոչ թե ասորիների կամ հույների դեմ է, այլ պահանջում ենք, որ մեր ազգի նկատամամբ իրակացված ցեղասպանությունը չանտեսվի»,- լրագողներին ասաց ակցիայի կազմակերպիչ, «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սաիդ Ավդալյանը:
Ակցիայի մասնակիցներին մոտեցավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ադամ Զարուհի Փոստանջյանը, որը նրանց խոստացավ նիստի ընթացքում բարձրացնել եզդիների բողոքը:
Նշենք, որ փետրվարի 16-ին ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բացասայան եզրակացություն էր տվել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առաջ քաշած՝ «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական եւ ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու եւ դատապարտելու մասին» օրենքի նախագիծին, դրա փոխարեն դրական եզրակացություն տալով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ մի քանի այլ պատգամավորների առաջ քաշած մեկ այլ նախագծի, որում ներառված չէ եզդիների ցեղասպանությունը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր նույնպես մոտեցավ ցուցարարներին եւ նշեց, որ Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագիծը խոցելի է եղել, եւ իրենք կողմ են առանձին նախագծով եզդիների ցեղասպանությունը դատապարտող առանձին նախագիծ ԱԺ հաստատմանը ներկայացնելուն։





























