ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը ճանաչում է երիտասարդ մի կնոջ, որը ԲՀԿ խմբակցության անդամ չէ, սակայն կարող է լավագույնս ղեկավարել ԲՀԿ-ն:
Այսօր՝ փետրվարի 24-ին, հայտարարությունների ժամին ՀՀԿ-ական պատգամավորն անդրադարձավ կառավարման ճգնաժամի մասին նախագծին եւ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակում:
«Ասում են՝ հասարակությունը հիասթափված է: Թող իզուր տեղը չոգեւորվեին, հիմա էլ հիասթափվեին: Այս իրավիճակում դրական տարրեր կան՝ դաշտը մաքրվում է, հնարավորություններ են ստեղծվում նոր մարդկանց համար: Ասում են՝ Հայաստանին պետք է նոր ընդդիմություն: Այո, համաձայն եմ»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերվում է ԲՀԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, ապա Լեւոն Մարտիրոսյանն այն համեմատեց նարդու հետ:
«Մեր գործընկերները իքիբիր են գցել, ուզեցել են դուշեշ խաղալ եւ հիմա զարմանում են, որ դիմացի խաղացողը չի նկատել, որ դա դուշեշ չի, այլ իքիբիր եւ դաղալություն է: Այդպես չէ: Լիդերների մասին խոսվեց այստեղ: Այո, լիդերներ պետք են: Ասում են՝ ԲՀԿ-ում լինելու են ընտրություններ: Ես նույնիսկ մարդ գիտեմ, որն ունի բոլոր արժեքները՝ ղեկավարելու այս կուսակցությունը»:
Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։ Մեկ օր անց Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ իրենք գնում են իշխանափոխության: Սակայն փետրվարի 17-ին տեղի ունեցած Սարգսյան-Ծառուկյան հանդիպումից հետո ԲՀԿ առաջնորդը նորից հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ հանրահավաքը չեղյալ է համարվում: Առ այսօր ԲՀԿ-ն ոչ մի հայտարարություն չի արել հետագա քայլերի վերաբերյալ: Միայն փետրվարի 23-ին խորհրդարանում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք բոյկոտում են ԱԺ քառօրյա նստաշրջանը:





























