Լրանում է մարտի 1-ի ոճրագործության 7-րդ տարին, բայց ոչ մարդասպաններն են պատժված, ոչ այդ սպանդի կազմակերպիչները: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Նա հիշեցրեց, որ այս տարիների ընթացքում փոխվել են գլխավոր դատախազը, ՀՔԾ պետը, ոստիկանապետը, բայց ոչինչ չի բացահայտվել:

«Վերջին տարվա միակ նորությունը ՀՀ գլխավոր դատախազի՝ սպանությունների գործերը մայր գործից առանձնացնելու եւ առանձին վարույթներով քննելու հանձնարարականն էր: Արդյունքում՝ քրեական գործերի նյութերում հետընտրական գործընթացները շուռ տրվեցին գլխիվայր, իրադարձություններին ու անձանց գործողություններին տրվեցին քրեա-իրավական կամայական, անգրագետ ու սխալ գնահատականներ: Պատճառները ներկայացվեցին որպես հետեւանք, հանցագործները դարձան վկաներ ու տուժողներ, տուժողները՝  մեղադրյալներ ու դատապարտյալներ»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:

Նա վստահ է, որ բացի՝ մի քանի քննչական գործողությունների կատարումից եւ օպերատիվ հետախուզական հանձնարարականներից ոչինչ չի արվելու:

«Անկախ կառավարման ձեւից ու քաղաքական ռեժիմից՝ պետությունը չի կարող չպատժել սպանությունները: Մարտի 1-ի չբացահայտված սպանությունները մեր երկրի ամոթն ու խայտառակությունն են»,- ավելացրեց նա: