ՏԿԱԻՆ-ի հրշեջ-փրկարարները շարունակում են ուժեղացված ռեժիմով աշխատանքը Հայաստանի բոլոր մարզերում: NEWS.am-ը ԱԻՆ-ից տեղեկացավ, որ օրերս Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ծառայությունից տեղեկատվություն փոխանցվեց, որ Միրաք գյուղի բնակիչ Խաթուն Մամոյանի մոտ առաջացել են ծննդաբերական ցավեր: Ձյան հետևանքով ճանապարհն անանցանելի էր, և հղի կնոջը չէին կարողանում տեղափոխել Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոն: Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի տղաները Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար փ/ծ մայոր Արթուր Կարապետյանի գլխավորությամբ անմիջապես մեկնեցին դեպքի վայր: Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի անանցանելիության պատճառով 3 բժիշկ փրկարարների ուղեկցությամբ ստիպված էին 3 կմ. ճանապարհը անցնել ոտքով:

Ժամը 00:02-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետի հանձնարարությամբ Ուրալ մակնիշի ամենագնացով դեպքի վայր կանչվեց Ապարանի ՀՓՋ-ի մեկ մարտական հաշվարկ՝ «YAMAHA» ձնագնացով, որն Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին անանցանելիության պատճառով ստիպված էր կանգ առնել:

Ժամը 01:15-ին արդեն դեպքի վայրում էր Արագածոտնի ՄՓՎ ՕԽ փ/ծ մայոր Դմիտրի Պետրոսյանը և ՄՓՎ պետ փ/ծ գնդապետ Ավետիս Մանուկյանը: Արագածի հրշեջ-փրկարարները Ժ.

01:24-ին Միրաք գյուղից` մոտ 3 կմ, ծննդկանին պատգարակով անվնաս մոտեցրեցին ԶԻԼ-131 կունգին, այնուհետև` Արագածի ԲԿ: Ժամը 01:20-ի սահմաններում տեղեկություն ստացվեց, որ հղի Խաթուն Մամոյանին բուժօգնության տրամադրելու համար Արագածի ՀՓՋ-ի ուղեկցությամբ Միրաք գյուղ մեկնած բժիշկներից մեկի՝ Ջիվան Սանոսյանի ինքնազգացողությունը վատացել է, և նա ստիպված է եղել մնալ գյուղում:

02:20-ին բժշկին օգնություն ցուցաբերելու համար Միրաք գյուղ է մեկնում Ապարանի հրշեջ-փրկարարական ջուկատը: Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Ա.Մանուկյանը և Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ փ/ծ լեյտենատ Մուշեղ Գևորգյանը բժիշկ Սանոսյանին «YAMAHA» ձնագնացով տեղափոխեցին Մ3 մայրուղու 8-րդ կմ, այնտեղից ` Ծաղկահովիտի ԲԿ: Ուժեղ ձնաբքի հետևանքով բարդ իրավիճակ էր ստեղծվել նաև Շիրակի մարզում՝ հատկապես Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, ավտոճանապարհներին արգելափակվել էին մեծ քանակությամբ ավտոմեքենաներ՝ բազմաթիվ ուղևորներով: Կազմակերպվել էր ուժեղացված ծառայություն, հնարավոր եղավ արգելափակումից դուրս բերել 195 ավտոմեքենա և 318 ուղևոր:

Վայոց ձորում Սարավան-Զանգեր ավտոճանապարհին ձնաբքի պատճառով նույնպես ավտոմեքենաներ էին արգելափակվել: Հրշեջ փրկարարների կողմից արգելափակումից դուրս է բերվել 138 ավտոմեքենա, որից 20-ը՝ բեռնատար, 310-ը՝ ուղևորներով: Հրշեջ փրկարարները 41 ուղևորի տեղափոխել են քաղաք Վայք և տեղավորել հյուրանոցում, 6 քաղաքացու փրկարարների միջնորդությամբ հյուրանոցի տնօրինությունն անվճար կացարաններ է տրամադրել, քանի որ վերջիններս հյուրանոցում մնալու գումար չունեին: Վառելիքը վերջացած ավտոմեքենաների տերերին և ՃՈ ավտոմեքենային տրամադրվել է 45 լիտր բենզին: Փրկարարական աշխատանքները տևել են 16 ժամ: