Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում անպտղությունը նվազել է 1-2 տոկոսով։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի կազմակերպած «Կյանքի ծաղիկ» բարեգործական ակցիայի մեկնարկին լրագրողներին ասաց բժշկական գիտությունների դոկտոր, Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը՝ ներկայացնելով Հայաստանում վերարտադրողական խնդիրներ ունեցող զույգերի կարևորագույն խնդիրները։
«Մեր երկրում վերջին երկու տարիներին վերարտադրողական բժշկության ոլորտում գրանցվել է զգալի աճ։ Եթե առաջ Հայաստանում անպտղությունը կազմում էր 16-18 տոկոս, ապա այս տարի՝ արդեն 15-16։ Հասկանալի է, որ անպտղության հետ կապված խնդիրներ ամբողջ աշխարհում գոյություն ունեն, բայց գրեթե բոլոր երկրներում կան մշակված ծրագրեր՝ վերարտադրողական խնդիրներ ունեցող զույգերին օգնելու համար։ Սակայն Հայաստանում, այս պրոբլեմը ունեցող շատ զույգեր անհրաժեշտ ֆինանսական հնարավորություններ չունենալու պատճառով զրկվում են երեխա ունենալու բերկրանքից»,-ասաց Համբարձումյանը։
Էդուարդ Համբարձումյանի խոսքով՝ անպտղության հետ կապված խնդիրներով Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիա են դիմում տարիքային բոլոր խմբերի կանայք և տղամարդիկ. «Մեզ մոտ գալիս են անպտղությամբ տառապող տարբեր տարիքային խմբի կանայք, ովքեր անգամ 45 կամ 50 տարի չեն կարողացել երեխա ունենալ, սակայն այսօր վերարտադրողական տեխնոլոգիաների շնորհիվ ծնող դառնալու հնարավորություն են ունենում։ Կարող եմ վստահաբար ասել, որ անպտղության խնդիրը հավասարապես երկու սեռի մոտ էլ պատահում է՝ 40 տոկոս տղամարդկանց և 40 տոկոս կանանց մոտ, իսկ մնացած 20 տոկոսի դեպքում՝ և կնոջ, և տղամարդու»,- եզրափակեց Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը՝հույս հայտնելով, որ յուրաքանչյուր հայ կմասնակցի անպտղությամբ տառապող զույգերին օգնելու համար «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի կազմակերպած «Կյանքի ծաղիկ» բարեգործական ակցիային՝ գնելով ընդամենը 500 դրամ արժողությամբ «Կյանքի ծաղիկը»։
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 25-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մեկնարկեց «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի կազմակերպած «Կյանքի ծաղիկ» բարեգործական ակցիան, որի նպատակն է օգնություն ցուցաբերել մայրանալու խնդիր ունեցող ընտանիքներին։ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում նախաձեռնված ակցիայի նպատակն է վաճառել 1,5 մլն ծաղիկ, որից ստացված գումարով երեխա ունենալու հնարավորություն կստանան անպտղությամբ տառապող 4020 ընտանիք։





























