Այսօր՝ փետրվարի 25-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է  Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, Խորհրդային Միության հերոս, գիտնական Արթուր Չիլինգարովի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին  նաեւ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Քաղաքապետը նախ ողջունեց հայազգի մեծանուն գիտնականին՝  բարձր գնահատելով Արթուր Չիլինգարովի անուրանալի ներդրումը  ինչպես գիտության, այնպես էլ  քաղաքականության մեջ: Քաղաքապետը նաեւ կարեւորեց  մեծ գիտնականի  դերը հայ եւ ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության ամրապնդման հարցում:

Արթուր Չիլինգարովը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության եւ բարձր գնահատանքի համար՝ միաժամանակ նշելով, որ Գյումրի է եկել՝ ցավակցելու հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության հետեւանքով Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների մահվան կապակցությամբ: Վերջինս նաեւ հետաքրքրվեց դեպքից հետո քաղաքում տիրող իրավիճակից, ինչին  ի պատասխան քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց, որ այս պահին առկա է գործի նախաքննության հետ կապված տեղեկատվության տրամադրման անհրաժեշտություն: Արթուր Չիլինգարովը խոստացավ նշված հարցը բարձրացնել ռուսական կողմի մոտ: