Կնոջը դանակի 21 հարվածով սպանելու մեջ մեղադրվող Վլադիմիր Մուրադյանը սպանությունը կատարելիս գտնվել է աֆեկտի վիճակում. հետաֆեկտային փուլում նրա մոտ առկա է եղել ուժասպառություն, հիշողության մասնակի կորուստ, քնկոտություն: Նման եզրակացության են հանգել կրկնակի դատահոգեբանական, դատահոգեբուժական համալիր փորձաքննություն անցկացրած փորձագետները։
Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` փետրվարի 25-ին, հրապարակված փորձաքննության եզրակացությունը մեղադրող դատախազը անվանեց չհիմնավորված՝ նշելով, որ այն կազմվել է միայն մեղադրյալի մեկնաբանությունների հիման վրա:
«Չեմ հիշում՝ քանի անգամ եմ խփել: Ոնց որ երազում լինեի, ոնց որ սրսկված լինեի, անընդհատ քունս տանում էր»,- իր ցուցմունքում ասել էր Վլադիմիր Մուրադյանը, ինչը ըստ փորձագետների`հավաստում է, որ վերջինը սպանության ժամանակ չի գիտակցել` ինչ է անում:
Փորձագետների եզրակացության մեջ նշվում է, որ հարվածների բազմակիությունը, մեղադրյալի ցուցմունքը եւ սպանությունից հետո նրա զղջումը խոսում են հետաֆեկտային վիճակի մասին:
Մեղադրողը նշեց, որ այս եզրակացությունը էականորեն տարբերվում է նախորդից, որում մեղադրյալի մոտ չի հայտնաբերվել աֆեկտային եւ հետաֆեկտային վիճակ, բացի այդ պարզ չէ` փորձագետները գործի որ նյութերից են օգտվել աֆեկտային եւ հետաֆեկտային վիճակի վերաբերյալ եզրակացություն կազմելիս:
Մեղադրողը միջնորդեց նշանակել երրորդ դատահոգեբանական, դատահոգեբուժական համալիր փորձաքննությունը, ինչպես նաեւ դատարան հրավիրել փորձագետներին եւ դեպքին ականատես՝ սպանված Դիանա Նահապետյանի 19-ամյա դուստր Անահիտ Շահվերդյանին, որը մեղադրողի խոսքով` կհաստատի, որ մեղադրյալը տնից դուրս է եկել սպանությունից 5 րոպե անց, ոչ թե` 30, ինչպես պնդում է Վլադիմիր Մուրադյանը:
Միջնորդությունների վերաբերյալ կողմերի կարծիքը դատարանը կլսի հաջորդ դատական նիստին`մարտի 9-ին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Դիանայի ամուսինը՝ 51-ամյա Վոլոդյա Մուրադյանը, 2012թ. դեկտեմբերին առանձնակի դաժանությամբ սպանել էր իր կնոջը: Սկզբում ծաղկամանով հարված էր հասցրել վերջինիս գլխին, այնուհետեւ ոտքով հարվածել ծնոտին եւ մարմնի այլ մասերին, իսկ վերջում քարշ էր տվել խոհանոց եւ 21 դանակի հարված հասցրել: Վերոնշյալ տեսարանին ականատես էին եղել Դիանայի 14-ամյա եւ 17-ամյա դուստրերը, ովքեր դուրս են վազել բնակարանից եւ հարեւաններից օգնություն խնդրել:





























