Կնոջը` Հասմիկ Խաչատրյանին, պարբերաբար խոշտանգումների ենթարկելու մեջ մեղավոր ճանաչված եւ համաներմամբ ազատ արձակված Սարգիս Հակոբյանի նկատմամբ առաջին ատյանի դատավճիռը չի բավարարել որ պաշտպանական, ոչ տուժող կողմերին, ոչ էլ մեղադրողին։ Վերաքննիչ դատարանում այսօր՝ փետրվարի 25-ին, սկսվեց առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկող հայցի քննությունը։
NEWS.am-ի հետ զրույցում Հասմիկ Խաչատրյանի պաշտպան Տիգրան Մուրադյանը նշեց, որ տուժողը եւ մեղադրողը պահանջում են Սարգիս Հակոբյանին դատապարտել ոչ թե 119 հոդվածի 1-ին մասով, այլ 119 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը վերաբերում է նրանից կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ խոշտանգումներին:
«Դատարանը գտել է, որ խոշտանգում կատարվել է, բայց ոչ թե կախվածության մեջ գտնվող անձի, այլ ուղղակի ինչ-որ անձի նկատմամբ: Դատարանը համարել է, որ Հասմիկն ու Սարգիսը ոչ մի համատեղ կյանք չեն վարել, ոչ մի կախվածություն Հասմիկը չի ունեցել Սարգիսից: Մենք փորձում ենք ցույց տալ Սարգիսի իշխանական դերն այդ ընտանիքում, Հասմիկի հնազանդությունը եւ հպատակությունը, Սարգիսին իր ամուսին համարելը, որ Սարգիսից կախվածություն ունենալու հետեւանքով է եղել բռնությունը»,- ասաց պաշտպանը:
Տիգրան Մուրադյանը նշեց, որ տուժող կողմը բողոք է ներկայացրել նաեւ համաներման ակտ կիրառելու եւ մասնակիորեն բավարարված քաղաքացիական հայցի մասով, իսկ պաշտպանական կողմը` Սարգիս Հակոբյանին արդարացնելու մասով:
Նշենք, որ Սարգիս Հակոբյանն այս պահին կալանավորված է մեկ այլ գործով։ Նրա դեմ ուրիշի գույքը վնասելու, խոշոր չափի վնաս հասցնելու մեղադրանք է առաջադրվել։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի բնակիչ Սարգիս Հ.-ն մեղադրվում էր իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջը խոշտանգելու մեջ: Գործի նյութերի համաձայն՝ Սարգիս Հ.-ն, գտնվելով ամուսնական հարաբերությունների մեջ Հասմիկ Խ.-ի հետ, խոշտանգել, պարբերաբար ծեծի է ենթարկել, մարմնական եւ հոգեկան տառապանք է պատճառել նրան: Քրեական գործ է հարուցվել 119 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խորշտանգելը անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաեւ առեւանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ): Սարգիս Հակոբյանը մեղավոր էր ճանաչվել 119-րդ հոդվածի 1-ին մասով եւ համաներմամբ ազատ արձակվել:





























