Այսօր՝ փետրվարի 28-ին Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ 1988թ.-ի փետրվարի 27-ից 29-ը Սումգայիթյան ջարդերին զոհ դարձած անմեղ հայերի հիշատակին նվիրված ծաղկեպսակի եւ ծաղիկների զետեղման արարողությունը, որին մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը:

Ներկաներին ուղղված խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը՝ ընդգծելով, որ 27 տարի առաջ ադրբեջանական իշխանությունների սանձահարմամբ տեղի ունեցավ հայ ժողովրդի նորագույն պատմության ամենամեծ ողբերգություններից մեկը: «Այս օրերին մենք վերստին հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթում անմեղ զոհված մեր հայրենակիցների հիշատակին` դատապարտելով 1988թ.-ի զարհուրելի իրադարձությունները: Սումգայիթի ջարդերը, որոնք նպատակ էին հետապնդում կասեցնելու Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու ձգտումներն ու թևաթափ անելու պատմական արդարության վերականգնմանն ուղղված հայության արդարացի մղումները, չընկճեցին մեզ և Լեռնային Ղարբաղի Հանրապետության հռչակումը դարձավ իրականություն», - ամփոփեց դեսպանը:  

Միջոցառմանը ՀԱԵ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևորականների կողմից մատուցվել է հոգեհանգստի արարողություն: Եկեղեցու տարածքում կազմակերպվել է նաև մոմավառություն: