5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանի պատիժը փոխելու հարցով տուժող կողմը Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացնելու այսօր՝ մարտի 2-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը:
Նա նշեց, որ իրենք պահանջում են վերանայել Վարդան Պետրոսյանի պատիժը, նրան դատապարտել ազատազրկման առնվազն 6 տարի, վերանայել վարորդական իրավունքից զրկելը եւ 2 տարվա փոխարեն՝ դերասանին վարորդական իրավունքի վկայականից զրկել առնվազն 3 տարով: Տուժող կողմը Վարդան Պետրոսյանից նաեւ պահանջել է մոտ 8 մլն դրամ՝ որպես հատուցում Տաթեւիկ Հակոբյանի բուժման ծախսերի համար:
Փաստաբանից բացի՝ գործով վերահսկող դատախազ Արթուր Սարգսյանը եւս վերաքննիչ բողոք է ներկայացրել: Նա եւս պահանջում է վերանայել դերասանի պատժաչափը, այն ավելացնել:
Ի դեպ, Ռուբեն Բալոյանը տեղեկացրեց նաեւ, որ Վարդան Պետրոսյանի բժշկական փաստաթղթերում առկա ջնջումների, հավելագրումների վերաբերյալ դիմել է Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին՝ պահանջելով գործ հարուցել, առայժմ որեւէ պատասխան չկա:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար են բախվել: Պատահարի արդյունքում 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել են:
Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման:





























