Լեռնային Ղարաբաղի բնակիչ, գործարար Էդիսոն Ադյանին իր նորածին երեխային առեւանգելու մեջ մեղադրող Նարինե Նիկողոսյանին ոչ թե  երեխան է հետաքրքրում, այլ գումարը: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, լրագրողներին ասաց Էդիսոն Ադյանը:

«Ինքն ինձնից ոչ թե երեխային է պահանջում, այլ փող է ուզում: Իմ պահանջն այն է, որ քանի որ ես եմ երեխայի հայրը, երեխան մնա ինձ մոտ: Ինքը ոչինչ չի արել, հրաժարվել է երեխուց, պայմանավորվել ենք, որ մտնենք դատարան, որ ինքը ծնողական պարտականություններից հրաժարվի, 5-6 ամիս հետո հանդիպում ենք, որ մտնենք դատարան, ու ինքը գումար ա պահանջում»,- ասաց Էդիսոն Ադյանը:

Նրա խոսքով՝ Նարինեի տարածած տեղեկությունները, թե ինքը առեւանգել է երեխային, սուտ են. իրականում Նարինեն ծննդաբերությունից հետո հրաժարվել է երեխայից, ասել, որ մանկատուն է ուզում տանել, ինքն էլ վերցրել, պահել է երեխային, հայրություն ճանաչել:

«Ես նրա հետ ծանոթացել եմ 2012թ. աշնանը: Մի քանի օր իրար հետ անցկացնելուց հետո բաժանվել ենք, քանի որ ես ընտանիք ունեմ: Անցնում է որոշ ժամանակ, ինձ խնդրում է հանդիպել, հանդիպում ենք, շարունակվում է մեր մտերմությունը, հայտնում է, որ երեխայի է սպասում: Պայմանավորվում ենք, որ ինքը պահի երեխային, ես իրեն ամեն ինչով կօգնեմ: Դրանից հետո ինքը ասում է՝ 1000 դոլար պիտի տաս, որ երեխուն հեռացնեմ: Սպառնալիքների տակ համաձայնում է, աբորտ չի անում: Երեխային ունենում է, ինձ ասում են՝ մայրը հրաժարվել է երեխուն կերակրել, կուրծքը որ տրաքում էր, մի կաթ չի կաթացրել երեխու բերանը»,- պատմեց Էդիսոն Ադյանը:

Էդիսոն Ադյանի փաստաբանը՝ Կարեն Սարդարյանը, նշեց, որ Նարինեն երեխայի մասին հիշել է ծննդաբերությունից 3-4 ամիս հետո, դատական հայց է ներկայացրել դատարան՝ էդիսոնին մեղադրելով երեխայի առեւանգման մեջ, իսկ հայցից հրաժարվելու համար Էդիսոն Ադյանից 25 հազար դոլար պահանջել։

Փաստաբանի խոսքով՝ Էդիսոն Ադյանը հրաժարվում է ԴՆԹ թեստ հանձնել, քանի որ վստահ է, որ ինքն է երեխայի հայրը. «Էս մարդն ընդունում է, որ իր երեխան է, պահում է: Հնարավոր է՝ Նարինեն ինքն էլ չգիտի՝ երեխայի հայրը ով է, սակայն էդիսոնը հոգեպես ընդունել, պահում է,  միայնակ, առանց մոր օգնության, իր համար նշանակություն չունի՝ կենսաբանական հայրն ով է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ եթե նույնիսկ ԴՆԹ թեստը հակառակը պարզի, Էդիսոն Ադյանը չի հրաժարվի նրանից։

Նշենք, որ Նարինեի որդին շուտով երկու տարեկան կդառնա։ Նա Էդիսոն Ադյանի միակ զավակն է։

Հիշեցնենք, որ Նարինե Նիկողոսյանի խոսքով՝ իր ծանոթ բժիշկներից Հրաչ Կալուստյանն իրեն ծանոթացրել է 60-ամյա Էդիսոն Ադյանի հետ, որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել իրեն հղիության ընթացքում՝ ձեռք բերելով կնոջ վստահությունը, իսկ 2013թ. հունիսի 15-ին ծննդատնից գողացել նրա նորածին որդուն։ Կնոջ պատմելով՝ երեխային գողանալուց հետո Հրաչ Կալուստյանն իրեն տարել է նոտարական գրասենյակ եւ խաբեությամբ կորզել ստորագրություն, որով Էդիսոն Ադյանը 1-ամյա Արթուրի օրինական հայրն է ճանաչվել: Հրաչ Կալուստյանը Հայաստանից հեռացել է, իսկ Էդիսոն Ադյանը պնդում է, որ ինքը երեխայի կենսաբանական հայրն է։ Նարինեն վստահեցնում է, որ երեխայի հայրը Ադյանը չէ: Նշենք, որ Նարինեն ոստիկանություն է բողոք է ներկայացրել՝ իր երեխային առեւանգելու վերաբերյալ, սակայն քննիչները գործը կարճել են հանցակազմի բացակայության հիմքով։ Նարինեն քննիչների այս որոշումը բողոքարկող հայցով դիմել է դատարան: