Սեւանում 8 տարբեր հիմնարկությունների մոտ 140 աշխատակիցներ 2015թ առաջին անգամ աշխատանքի են գնացել երեկ՝ մարտի 2-ին: NEWS.am-ի խմբագրությունը ահազանգ է ստացել, որ Սեւանի քաղաքապետարանը ստիպել է իր ենթակայությամբ գտնվող մանկապարտեզների, սպորտ դպրոցի աշխատողներին իրենց հաշվին 2 ամսով արձակուրդի միմումներ գրել, քանի որ բյուջեում փող չկա:

Ահազանգի հետ կապված Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նախադպրոցական հաստատությունների ՊՈԱԿ-ների 90 տոկոսը չունեն ջեռուցման համակարգ, այդ ժամանակահատվածում սպասարկում չի լինի, ծնողները իրենց երեխաներին չեն բերում, այդ պատճառով մարդիկ հարկադիր պարապուրդի են գնում: Խոսքը 5 մանկապարտեզի եւ 3 ՊՈԱԿ-ի մասին է, որտեղ աշխատում է մոտ 140 հոգի:

Ռուդիկ Ղուկասյանն ասաց, որ դա նոր բան չէ, միշտ այդպես է եղել, աշխատանքային գրաֆիկը այնպես է կազմված, որ քանի որ հունվար-փետրվար ամիսներին չեն կարողանում սպասարկել, մարդիկ հարկադիր պարապուրդի են գնում: Քաղաքապետը սա համարում է օրենքի դաշտում: