Նոր Զելանդիայի Հոկիտիկա քաղաքում անցկացվող The Hokitika Wildfoods Festival-ն աշխարհի ամենից տարօրինակ փառատոններից է, որի մասնակիցներն իսկական «վայրի» ուտելիք են ուտում:
Խոսքն անտառների վայրի բնակիչների մասին չէ: Փառատոնը, որին ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ են մասնակցում ամբողջ աշխարհից, հնարավորություն է ընձեռում համտեսել այնպիսի էկզոտիկ սնունդ, ինչպիսին են, օրինակ, ծղրիդները, ճայերի ձուն, ցլի առնանդամից նրբերշիկը, ոչխարի աչքերը եւ այլն:
Բացի այդ, ըստ Travel-ի, փառատոնի մասնակիցներին առաջարկվում են բաց երկնքի տակ պարեր, երաժշտություն, լուսանկարչական մրցույթներ:
Այս տարի փառատոնը կայանալու է մարտի 14-ին: Խոհարարական մասը տեւելու է առավոտյան 10-ից մինչեւ երեկոյան 18-ը, որին կհետեւեն մյուս միջոցառումները: Կազմակերպիչների հավաստմամբ, փառատոնի նպատակն է օտարերկրացիներին հնարավորություն ընձեռել ծանոթանալ տեղական մշակույթին եւ իրենց իսկական վայրենի զգալ:





























