Այսօր` հուլիսի 21-ին, ժամը 15-ին, Վերաքննիչ քրեական դատարանում քննվելու է Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին սաների բողոքը: Այդ դպրոցի աշակերտուհիները բողոքարկում են Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով իրենց նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած ուսուցիչ Լեւոն Ավագյանին դատապարտել են 2 տարվա ազատազրկման:

Աշակերտուհիների փաստաբանները գտնում են, որ ուսուցչի նկատմամբ չափազանց մեղմ պատիժ է կիրառվել եւ Վերաքննիչ դատարանից պահանջում են բեկանել դատավճիռը:

Հիշեցնենք, որ երբ սկզբում այդ փաստի մասին բարձրաձայնեց երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, նրան մեղադրանք առաջադրվեց զրպարտության համար, սակայն հետագայում հասարակական մեծ արձագանքի պատճառով նրա նկատմամբ գործը կասեցվեց եւ մեղադրյալի աթոռին հայտնվեց մանկապիղծ ուսուցիչը: