ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր` անձամբ հավաստիանալու համար, որ մարզում ոռոգման սեզոնի բացմանն ընդառաջ պատասխանատուների կողմից պատշաճ կերպով իրականացվել են բոլոր նախապատրաստական աշխատանքները: Նախարարին ուղեկցում էին Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ֆելիքս Մելիքյանը, ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպությունների տնօրեններ եւ այլ պաշտոնատար անձինք:

Այցի շրջանակում նախարարը եղել է Հուշակերտի պոմպակայանում, Շենավան, Գետաշեն, Նալբանդյան համայնքներում, որտեղ ծանոթացել է ներտնտեսային ոռոգման ցանցերի աշխատանքներին: Այստեղ պատասխանատուները հավաստիացրել են, որ բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, եւ իրենք լիովին պատրաստ են ոռոգման սեզոնի բացմանը:

Շուրջ 6 հազար հեկտար փաստացի ոռոգվող տարածք ընդգրկող «Մերձափնյա» ՋՕԸ  գործադիր տնօրեն Արշավիր Հայրապետյանը տեղեկացրել է, որ ՋՕԸ-ի կողմից սպասարկվող 16 համայնքներից տասում այս պահին ընթանում են նախապատրաստական վերջին աշխատանքները, մնացած 6-ում առկա  որոշակի տեխնիկական խնդիրները կվերացվեն մեկշաբաթյա ժամկետում:

Այնուհետեւ նախարարն ուղեւորվել է Մրգաշատի  միջտնտեսային  ջրանցք: Այստեղ բնակիչները դժգոհություն են հայտնել այն մասին, որ ջրանցքում երկար տարիներ չեն կատարվել մաքրման աշխատանքներ: Նախարարը հանձնարարել է անհապաղ սկսել մաքրման  գործընթացը, եւ դրանց  արդյունքների վերաբերյալ զեկուցել իրեն:

Արմավիրի մարզում նախարարի այցելության վերջին կանգառը Զարթոնքի պոմպակայանում էր, որտեղ շրջայցի ընթացքում եւս նախարարը տեղեկացել է, որ վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտված են եւ պոմպակայանը լիովին պատրաստ է ջրամատակարարման շրջանին:

 «Արմավիրի մարզում կատարված դիտարկումը ցույց տվեց, որ ոռոգման համակարգում նախատեսված վերանորոգման եւ նախապատրաստական աշխատանքները գրեթե ամբողջությամբ ավարտված են: Ընդհանուր առմամբ հանրապետության ամբողջ ոռոգման համակարգը արդեն իսկ պատրաստ է սեզոնի մեկնարկին»,- լրագրողների հետ զրույցում նշել է նախարարը:

Նախարարի խոսքով` հանրապետության ցածրադիր գոտիներում` մասնավորապես Արարատի եւ Արմավիրի մարզի մի շարք համայնքներում, որտեղ վեգետացիան ավելի վաղ է սկսվում, արդեն իսկ ջրամատակարարումը սկսված է: 

Նախարարը նաեւ հավելել է, որ թեպետ ավանդաբար ոռոգման սեզոնը մեկնարկում էր ապրիլ ամսից, սակայն հաշվի առնելով ընթացիկ տարվա եղանակային պայմանները` հանձնարարարական էր տրված վերանորոգման եւ այլ նախապատրաստական աշխատանքները ավարտին հասցնել մինչեւ մարտի 1-ը,  եւ համակարգը բերել աշխատունակ վիճակի` առաջին իսկ պահանջի դեպքում գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելու համար:

Այցի ավարտին  նախարարը խորհրդակցություն է անցկացրել  Խոյի ջրօգտագործողների ընկերությունում, որին ներկա էին ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպությունների տնօրենները, Արմավիրի մարզի թվով ինը ՋՕԸ-երի պետերը, Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը, մարզային կառույցի ղեկավարները  եւ  ոլորտի այլ պատասխանատուներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին դիտարկման արդյունքում հայտնաբերված թերացումները եւ ոռոգման ոլորտում առկա  այլ խնդիրները: Նախարարը նշել է, որ հաշվի առնելով նախորդ տարվա դժվարություններն ու գյուղացիական տնտեսությունների արդարացի դժգոհությունները, պետք է այս տարի գործընկերային համաբերություններ ստեղծվեն գյուղացիական տնտեսությունների հետ` բացառելու հետագա դժգոհությունները կապված արդար ջրաբաշխման հետ:  Նախարարը հանձնարարել է պատասխանատուներին սեղմ ժամկետներում քայլեր ձեռնարկել դրանց շուտափույթ շտկման ուղղությամբ: