Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատական նիստին հրավիրված վկաները պնդում են, որ իրենք չեն կարող վկայություն տալ, քանի որ սպանության ականատես չեն եղել:

Գործով որպես վկա հրավիրված Արմեն Չախմախչյանը դատարանում հայտարարեց, որ քննիչի անգրագիտության պատճառով է, որ ինքը հայտնվել է վկայի կարգավիճակում:

«Չգիտեմ՝ ինչի համար են ինձ վկա ներգրավվել ու դատարան կանչել»,-ասաց նա:

Այնուամենայնիվ, վկան պատմեց սպանության օրը իր տեսածը:

«Իրիկունը 12 անց էր, լուսամուտի մոտ նստած էի մեր տանը, կրակոցների ձայն լսեցի: Բացել եմ պատուհանը, նայել եմ բակ, ոչ մի բան չեմ նկատել: Անցել էր երկու րոպե՝ օգնություն կանչող ձայներ լսեցի։ Իջա ներքեւ, Արթուրը պառկած էր գետնին, նրա տղան ու կինն էին, որ օգնություն էին կանչում: Ես փորձեցի Արթուրին բարձրացնել, բայց հասկացա, որ այլեւս չենք կարող օգնություն ցույց տալ»,-պատմեց վկան:

Նրա խոսքով՝ պատահական մեքենա են կանգնեցրել, Արթուրին հետեւի  նստարանին են պառկեցրել նրա որդու հետ եւ տեղափոխել հիվանդանոց:

Արմեն Չախմախչյանը նշեց, որ իր հիշելով 3-4 անընդմեջ կրակոց է լսել, այնուհետեւ եւս մեկ կամ երկու կրակոց:

Գործով մյուս երկու վկաները՝ Ռուզաննա Սարգսյանը եւ Հրաչուհի Սարոյանը նույնպես զարմացած էին, որ իրենց դատարան էին հրավիրել այդ գործով: Նրանք պնդեցին, որ ոչինչ չեն տեսել ու չգիտեն կատարված սպանության մասին:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբորը: Ոստիկանները գործով կալանավորել են Իսրայել Սարգսյանին, որը Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է, եւ Տիգրան Ասատրյանին: Քրեական գործով պարզվել էր, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, իսկ կատարելուց հետո Մովսեսին սպանել է եւ դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը: Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի 11 կետի (սպանություն) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով։