Մարտի 5-ի գիշերը սկսված ձյան տեղումների հնարավոր հետեւանքները կանխելու նպատակով մայրաքաղաքի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում, այնուհետ նաեւ բակային տարածքներում իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ:

Քաղաքապետարանից հայտնում են, որ գործընթացը մեկնարկել է տեղումների առաջին իսկ ժամից` վարչական շրջանների սանմաքրման ձեռնարկությունների տեխնիկական ու մարդկային ռեսուրսների ներգրավմամբ: Լուսադեմին քաղաքի բոլոր գլխավոր ու երկրորդական փողոցները լիարժեք անցանելի են եղել:  Մաքրման աշխատանքների նպատակով օգտագործվել է համապատասխան ծավալի տեխնիկական աղ եւ շլաքային ավազ: Ձնամաքրման աշխատանքներին միացել են նաեւ  տնտեսվարող սուբյեկտները, որոնք, Երեւանի ավագանու ընդունած պարտադիր բարեկարգման նորմերի որոշման համաձայն,  ձմեռային ամիսներին պարտավոր են մաքրել   տնօրինած կառույցներին հարակից տարածքները:

Ձնամաքրումն այժմ համապատասխան ծառայությունների աշխատակիցների եւ համատիրությունների ուժերով  ծավալվել է բակային տարածքներում ու հարակից աստիճանավանդակներում, մայթերում ու ներբակային ճանապարհներում:

Մայրաքաղաքի ձյան մաքրման աշխատանքները համակարգում  են Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու հատուկ օպերատիվ շտաբը, իսկ տեղերում`վարչական շրջանների ղեկավարները: Անհրաժեշտության դեպքում ձնամաքրումը կշարունակվի նաեւ օրվա երկրորդ կեսին: