Հայաստանի Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը կընդունի Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատներին: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ Գեւորգ Կոստանյանը Ավետիսյանների հարազատներին կընդունի շաբաթվա վերջին: Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ավելի վաղ իրենք դիմում էին ներկայացրել գլխավոր դատախազին հանդիպման խնդրով, բայց դեռ պատասխան չեն ստացել:
Ի դեպ, Երեմ Սարգսյանից տեղեկացանք նաեւ, որ բավարարվել է իր միջնորությունը մի շարք օպերատիվ միջոցառումներ եւ քննչական գործողություններ անելու մասին միջնորդությունը: Նրան պատասխանել են, որ գործողությունների մի մասը կատարվել է, մյուս մասը դեռ կատարվում է, իսկ արդյունքներին կծանոթանան հետագայում:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, ուր յոթ օր անց մահացել էր:
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին:





























