Խնձորեսկ գյուղում ինքնասպանություն գործած 49-ամյա տղամարդը մասնակցել է արցախյան ազատամարտին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խնձորեսկի գյուղապետարան Սերյոժա Հայրապետյանը:
Նա նշեց, որ տղամարդը 3 երեխա ունի, փոքրը՝ որդին, 6-7 տարեկան է, նրանից բացի՝ երկու դուստր ունի: Ընտանիքը գտնվում էր ոչ բարվոք վիճակում, զբաղվում էին գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ: «Վերջին մի տարվա ընթացքում գլխի շրջանում անտանելի ցավեր ուներ՝ երեւի նյարդերի հետ կապված, գնացել է բժշկի, դեղեր են նշանակենլ, որեւէ բան չի օգնել: Ինձ թվում է՝ այդ քայլին դիմելու պատճառը ցավերի անտանելիությունն էր, նյարդի բորբոքում էր իր մոտ, էդ տղու երեսից ժպիտն ու ծիծաղը վերացել էր, ինքը տենց մարդ չէր, թույլ չէր, որ կյանքին հեշտ հրաժեշտ տար, պատերազմ տեսած մարդ էր: Երեւի մտածել է, որ ապրելով ընտանիքի վրա հոգս է դառնում, որեւէ բանով չի կարողանում օգնի իր երեխաներին, դրա համար էլ դիմել է այդ քայլին»,-ասաց գյուղապետը, ում համադասարանցին է մահացողը:
Նա նշեց, որ տղամարդը որեւէ գրություն չի թողել: Նրան հայտնաբերել են կինը եւ երեխաները, «գնացել էր կով կթելու, ուշացել է, գնացել ու տեսել են՝ տռուբից կախված»:
Հիշեցնենք, որ Խնձորեսկ գյուղում երեկ ինքնասպանություն է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ գյուղի 49-ամյա բնակչին հայտնաբերել են տանը կից գոմում խողովակից կախված:
Նախնական տեղեկություններով, տղամարդը ինքնասպանություն է գործել: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հանգամանքները պարզվում են:





























