Հայաստանում կանանց ներգրավվածությունը քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ բնագավառներում տարեցտարի ավելանում է, որն էլ վկայում է Հայաստանում կնոջ` հասարակության մեջ ունեցած դերի, իրավունքների բարձրացման մասին: Այս մասին այսօր` NEWS.am-ի թղթակցին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը` հավելելով, որ Հայաստանն այսօր կանաց իրավունքների պաշտպանության ոլորտում առաջատար դիրքերում է:
«Եթե կին քաղաքական գործիչն ընդունվում է հասարակության կողմից, ապա այդ կնոջ համար քաղաքականությամբ զբաղվելն ավելի դյուրին է դառնում, և այսօր հայ իրականության մեջ մենք կարողացել ենք հասնել նրան, որ հասարակությունն ընդունի և վստահի հայ կին քաղաքական գործչին: Հենց այս պատճառով էլ վերջին տարիներին հայ կինը սկսել է ավելի շատ հետաքրքրվել և զբաղվել քաղաքականութամբ»,- ասաց Կարինե Աճեմյանը:
Կին պատգամավորը նշեց, որ չնայած` ՀՀ Ազգային ժողովում մեծամասնությունը տղամարդ պատգամավորներն են, սակայն այդ փաստը ոչ մի խնդրի առաջ չի կանգնեցնում հայ կին պատգամավորներին, քանի որ նրանց կարծիքները, առաջարկությունները միշտ ընդունվում, անհրաժեշտության դեպքում՝ քննարկման են դրվում. «Ինքս ոչ մի խոչընդոտի չեմ հանդիպել տղամարդ գործընկերներիս կողմից: Նրանք էլ են շատ լավ հասկանում, որ այն կինը, ով կարողանում է զբաղվել կուսակցական ակտիվ աշխատանքով, կարողանում է քաղաքական բեռն իր ուսերին կրել, քաղաքականության մեջ որոշակի խոսք ասել, ապա Ազգային ժողովում պետք է պատվավոր տեղ զբաղեցնի»,-ասաց կին քաղաքական գործիչը:
Խոսելով Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի մասին, նա հավելեց, որ այն իր սիրելի տոներից մեկն է և նախընտրում է այն նշել իր ընտանիքի հետ.
«Մարտի 8-ը յուրօրինակ տոն է ինձ համար, որը միշտ աշխատում եմ տոնել իմ ընտանիքի հետ: Նաև շատ անակնկալ նվերներ ու շնորհավորական բացիկներ եմ ստանում տղամարդ գործընկերներիցս: Եվ կուսակից ընկերներս, և ընդդիմադիր գործընկերներս ինձ միշտ հիշում և գեղեցիկ անակնկալներ են մատուցում այս տոնի կապակցությամբ»,-ասաց Կարինե Աճեմյանը:





























