Անցած տարվա նոյեմբերի 27-ին «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված պայթուցիկ սարքի կեղծ ահազանգի համար կալանավորված 22-ամյա Նարեկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Հարությունյանը նոյեմբերի 27-ին ժամը 20:15-ի սահմաններում իր բջջային հեռախոսից զանգահարել է 911 ծառայություն եւ հայտնել, որ իր պատվերով 8 ժամ առաջ Զվարթնոց օդանավակայաին մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրվել, որի դիմաց վճարել է 2400 ԱՄՆ դոլար: Հաղորդման սուտ լինելու փաստը բացահայտվել է դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի կողմից: Այնուհետեւ ժամը 02:15-ի սահմաններում Նարեկը ոտքերով եւ ձեռքերով հարվածել է Խանջյան փողոցում կայանված ոստիկանության ավտոմեքենային եւ պատճառել զգալի գույքային վնաս:
Նարեկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի եւ 185-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Գործը քննվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը նշանակվել է մարտի 10-ին:




























