Այսօր՝ մարտի 9-ի առավոտյան, իր բնակարանից բերման է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Արսեն Օհանյանը։ Այս մասին NEWS.am-ին ասաց նրա ընկերը՝ Վաղինակ Շուշանյանը։

«Առավոտյան 8։30 մի քանի ոստիկան մտել են Արսենենց տուն եւ նրան ասել, որ ներկայանա քրեական վարչություն։ Արսենն ասել է՝ մինչեւ ծանուցագիր չներկայացնեք, ոչ մի տեղ չեմ ներկայանա, ծանուցագիր ներկայացրեք, ես իմ ոտով կգամ։ Ոստիկաններն էլ ասել են՝ եթե հիմա հետներս չգաս, բերման կենթարկենք ու տարել են»,-պատմեց Վաղինակ Շուշանյանը՝ նշելով, որ ոստիկանները բերման ենթարկելու պատճառ են ներկայացրել այն, որ իբրեւ ծեծկռտուք է եղել, եւ ծեծվողը Արսենի անունն է տվել։

Վաղինակ Շուշանյանի խոսքով՝ արդեն ոստիկանության բաժնում Արսենին ասել են, որ իբրեւ նա հետախուզության մեջ է գտնվում ԱՊՀ երկրներում Ռուսաստանում կատարած գողության համար։

«Բայց եթե նման բան լիներ, ինքը մի քանի ամիս Լոնդոն էր մեկնել, իրեն կբռնեին օդանավակայանում։ Այսինքն այստեղ ինչ-որ բան այն չէ։ Իրականում, իմ կարծիքով, նրան բերման են ենթարկել իր ակտիվության համար»,-ասաց նա։

Վաղինակ Շուշանյանը կարծում է, որ նման ձերբակալություններով փորձում են լռեցնել ակտիվ մարդկանց եւ հասարակությանը շեղել  կարեւոր թեմաներից։

Ակտիվիստը նաեւ նշեց, որ իրենք դիմել են ՄԻՊ-ին, որտեղից իրենց պատասխանել են, որ եթե 3 ժամից ստորագրությունով ազատ չարձակեն, ապա գրավոր դիմում ներկայացնեն իրենց։

Ոստիկանությունից NEWS.am-ին հաղորդեցին, որ Արսեն Օհանյանին բերման են ենթարկել, քանի որ նա հետախուզման մեջ է գտնվում ՌԴ իրավապահների կողմից եւ կասկածվում է գողություն կատարելու մեջ։ Դեռեւս հայտնի չէ, նրան կկալանավորեն, թե ոչ։