Շիրակի մարզի Մայիսյան գյուղի հարակից տարածքում՝ Քեթիի մատուռի մոտ մարտի 7-ի լույս 8-ի գիշերը մահացած հայտնաբերված 34-ամյա Սամվել Հակոբյանի՝ «Մոստիկ»-ի մարմնի վրա առկա են եղել մարմնական վնասվածքներ: Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, լրագրողներին ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, սակայն արդեն տվյալներ ունենք, որ մահը վրա է հասել գանգուղեղային փակ բութ վնասվածքից»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:

Նա հայտնեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզի Մայիսյան գյուղի հարակից տարածքում, Գյումրի-Բավրա ճանապարհին, Քեթիի մատուռի մոտ դիակ է հայտնաբերվել։

Մայիսյանի գյուղապետ Հակոբ Բաղդասարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ ժամը 11-ի սահմաններում ոստիկանությունից ահազանգել են, որ գյուղի տարածքում դի է հայտնաբերվել։