Շիրակի մարզում մեկ օրվա տարբերությամբ մահացած հայտնաբերված Քրիտ Վարդանյանն ու Սամվել Հակոբյանը մտերիմ ընկերներ են եղել: Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, լրագրողներին ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

Նրա խոսքով՝ կան օպերատիվ տեղեկություններ, որ այս երկու սպանությունները կապված են միմյանց հետ:

«Քրիստ Վարդանյանի սպանությունից մեկ օր առաջ էլ նրանք հանդիպել են: Որոշակի տվյալներ կան սրա հետ կապված, այժմ ճշտվում են»,- ասաց Շիրակի դատախազը:

Նա հաստատեց նաեւ, որ Քրիստ Վարդանյանը քրեական անցյալ ունի. անչափահաս տարիքում նա դատապարտվել է սպանության փորձի համար, հետագայում նաեւ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզի Ախուրյանի Քեթի գյուղի ձորում մարտի 7-ի առավոտյան հայտնաբերվել է «Նիսան-Տիանա» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ գտնվել է վարորդի՝ 31-ամյա Քրիստ Վարդանյանի դիակը՝ ավտոմեքենայի հետևի նստատեղին: Մեկ օր անց նույն գյուղի մատուռի մոտ հայտնաբերվել է 34-ամյա Սամվել Հակոբյանի՝ «Մոստիկի» դին: