Նոր Նորքի 4-րդ զանգվածում փետրվարի 9-ի լուսադեմին իրեն եւ 9-ամյա որդուն սեփական բնակարանում բենզինով այրած 47-ամյա Աննայի որդուն «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից տեղափոխել են այրվածքաբանության կենտրոն եւ վիրահատել են ոտքը։ Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց երեխայի հորաքույրը՝ Կարինե Նահապետյանը։
«Երեխային մի քանի օր առաջ տեղափոխել են այրվածքաբանության կենտրոն ու ոտքն են վիրահատել, քանի որ ոտքի այրվածքը շատ խորն էր։ Հիմա երեխան իրեն լավ է զգում, գլխի վիրահատությունից հետո էլ բողոքներ չունի»,-ասաց նա։
9-ամյա տղայի հորաքրոջ խոսքով՝ երեխան դեռ չգիտի, որ մայրը մահացել է, իրենք էլ խուսափում են այդ մասին խոսելուց։
«Երեխան իմ հետ է միայն մոր մասին խոսում, ասում է՝ հորքուր ջան, իմ հետ մաման շատ դաժան է վարվել, կլինի ես էլ իրան մամա չասեմ, էլ չեմ ուզում իրան տեսնեմ, լսեմ ու ես մամա էլ չունեմ»,-պատմեց Կարինե Նահապետյանը։
Նրա խոսքով՝ երեխան 1-2 շաբաթից հիվանդանոցից դուրս կգրվի։
«Երեխան մեր տանն է ապրելու, սակայն մահճակալ չունի, հայրն էլ դեռ աշխատանք չունի, որ կարողանա գնի այդ ամենը»,-ասաց 9-ամյա տղայի հորաքույրը։
Նշենք, որ երեխայի մայրը՝ 47-ամյա Աննա Բադալյանը, փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը՝ 03.00-ի սահմաններում, մահացել է՝ շոկային վիճակից դուրս չգալով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, փետրվարի 9-ին, ժամը 05.00-ին ահազանգ է ստացվել հրդեհի մասին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյուլիքեխվյան փողոցի թիվ 23/1 շենքի բնակարաններից մեկում: Հրդեհը մեկուսացվել է, ամբողջությամբ այրվել է բնակարանը։ Հրշեջ-փրկարարները բնակարանից ծխահարված, այրվածքներով եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս էին բերել 47-ամյա Ա. Ն-ին եւ նրա 9-ամյա Ֆ. Ն.-ին: Դեպքից երկու օր անց մայրը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։ Ըստ Քննչական կոմիտեի, պարզվել է, որ մայրը մուրճով հարվածել է երեխայի գլխին, ապա բենզինով այրել իրեն ու որդուն։ 9-ամյա տղայի վիճակը կայուն ծանր է։ Աննայի ամուսինը, որը Ռուսաստան էր մեկնել արտագնա աշխատանքի, դեպքից հետո վերադարձել է Հայաստան։





























