Հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս տղային առեւանգելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասին առեւանգելու դեպքի առթիվ:

2015 թվականի մարտի 2-ին Վանաձոր քաղաքի բնակիչ Վ.Գրիգորյանը Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ իր անչափահաս որդու ընտրյալի հայրը՝ Գ.Համբարյանը, առեւանգել է իր անչափահաս որդուն, ծեծել ու ձեռքից վերցրել բջջային հեռախոսը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գ.Համբարյանը, տեղեկանալով, որ անչափահաս տղան սիրահետում է իր անչափահաս աղջկան, 2015 թվականի փետրվարին, նույն քաղաքի երկու բնակիչների հետ, նախնական համաձայնությամբ, Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասից բացահայտ առեւանգել է տղային։

Վերջինիս կամքին հակառակ, բռնություն գործադրելով՝ նրան նստեցրել են ավտոմեքենան եւ տեղափոխել անասնագոմ, մետաղյա շղթայով կապել անչափահասի ձեռքերը, սպառնացել, ստիպել, որ չանհանգստացնելու խոստում տա, որից հետո վերցրել նրա բջջային հեռախոսը եւ ազատ արձակել:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով:

Կատարվում է նախաքննություն: Անչափահաս տղան ճանաչվել է որպես տուժող: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։