Վրաստանի ոստիկանությունը վրաց-թուրքական սահմանի «Սարփի» հսկիչ-անցագրային կետում երկրի երկու քաղաքացու է ձերբակալել՝ Սանհամ Մ.-ին եւ Էլմար Դ.-ին՝ ապօրինի կերպով շուրջ 20 հազար հաբ հոգեմետ միջոց Վրաստան ներկրելու մեղադրանքով:

«Նրանց վարած ավտոմեքենաների խուզարկության արդյունքում իրավապահները հատուկ պատրաստված գաղտնարանից պրեգաբալին պարունակող 19.488 հաբ հոգեմետ միջոց են առգրավել: Ձերբակալվածներն ընդունել են մեղքը»,- տեղեկացրել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Ըստ «Գրուզիա Օնլայն»-ի, հետաքննություն է տարվում՝ Վրաստանի Քրեական օրենսգրքի 261 հոդվածի 4-րդ մասի (առանձնապես խոշոր չափերով հոգեմետ նյութերի ապօրինի պատրաստում, ձեռքբերում, պահպանում, իրացում), ինչպես նաեւ 263 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով հոգեմետ նյութերի անօրինական ներկրում, արտահանում կամ տարանցում):