ՀՀԿ Խորհրդի նիստից հետո Գագիկ Ծառուկյանը մենակ մնաց: Այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Նրա խոսքով՝ փետրվարի 12-ից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանն իրենց ճիշտ չպահեցին:
«Եռյակի լիդերները պարտավոր էին կանգնել Գագիկ Ծառուկյանի կողքին, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանը նամակ գրեց Սերժ Սարգսյանին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հարկ չհամարեց Ծառուկյանի հետ առաջին դեմքով հանդիպել»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը՝ նշելով, որ եթե փետրվարի 20-ին հանրահավաքը կայանար, ապա առնվազն 200 հազար մարդ կհավաքվեր Ազատության հրապարակում:
Նրա խոսքով՝ ԲՀԿ նախագահի պաշտոնից հրաժարվելը Ծառուկյանի ամենաճիշտ որոշումն էր:
Նշենք, որ մարտի 5-ին ԲՀԿ 8-րդ արտահերթ համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց կուսակցության նախագահի եւ խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին: Նրա փոխարեն ԲՀԿ առաջնորդ է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը:




























