Քրեական գործերով իրավապահ մարմինների նամակագրությունը հրապարակման ենթակա չէ: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ անդրադառնալով Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու իր նամակին ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի պատասխանին վերաբերող հարցին:
«Ռուսական կողմի պատասխանները գործի վերջը չէ, այլ միջանկյալ փուլ է: Դրանից հետո մենք կքննարկենք հետագա քայլերը՝ կախված պատասխանի բովանդակությունից»,-ասել է նա:
Միաժամանակ, Կոստանյանը ուշադրություն է դարձրել, որ ռուսական կողմը իր նամակին պատասխանելու համար ժամկետային սահմանափակումներ չունի: «Նման պարտականություն մեր երկկողմ պայմանագրերում չկա, ոչ իրենց մոտ, ոչ՝ մեզ մոտ»,-նշել է ՀՀ գլխավոր դատախազը՝ հավելելով, որ ռուսական կողմի պատասխանը հնարավոր չէ հրապարակել՝ անկախ նրանից, թե ինչ հասարակական հնչեղություն է ստացել գործը, քանի որ քննության գաղտնիությունը պետք է պահպանվի:
Հարցին, թե չի՞ դրժել Պերմյակովին հայկական կողմին հանձնելու խնդրով ՌԴ գլխավոր դատախազին դիմելու իր խոստումը, Կոստանյանը պատասխանել է. «Իմ կենսագրության մեջ թե՛ պաշտոնական, թե՛ զուտ անձնական հարթության մեջ երբեւէ չի եղել մի դեպք, որ ես որեւէ խոստում տամ ու չկատարեմ, որովհետեւ տալիս եմ միշտ այն խոստումները, որ ի վիճակի եմ կատարել, ավելին՝ երբեք չեմ տվել ու չեմ կարող տալ այնպիսի խոստումներ, որոնց իրագործումը պայմանավորված չէ զուտ իմ կամքով: Իմ բոլոր խոստումները ֆիքսվել են թե գրավոր, թե ձայնագրություններով: Երբ դուք համադրեք այդ ամենը, դուք ավելի կոռեկտ ու զուսպ կլինեք գնահատականներում»:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակով, որի հանդեպ քրեական գործ է հարուցվել ռուսական եւ հայկական քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածներով։ Նշենք, որ Պերմյակովը ընդունել է մեղքը։ Մինչեւ օրս հասարակությանն անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին:





























