ՀՀ Քննչական կոմիտեն դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով տուժող Հակոբյանների դիմումն ուղարկել է Կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչություն: Այս մասին NEWS.am-ին ասաց Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը:

«Մեր դիմումի հետագա ընթացքը կորոշի Կոտայքի մարզի քննչական վարչությունը»,- ասաց Ռուբեն Բալոյանը:

Նշենք, որ Հակոբյանները Աղվան Հովսեփյանին խնդրում են քննության առնել ներկայացված փաստերը եւ քրեական գործ հարուցել այն բժիշկների նկատմամբ, որոնք խախտումներ են կատարել:

Նշենք, որ 2015թ. հունվարի 29-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը Վարդան Պետրոսյանին դատապարտեց ազատազրկման՝ 5 տարի ժամկետով՝ 2 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: