Ազգային բանակի զորամասերում վերսկսվեցին մարտական պատրաստության պլանով նախատեսված գործնական եւ տեսական պարապմունքները: Ուսումնական պլանի համաձայն` մարտի 10-ին էլ մեկնարկեցին ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի երկօրյա մարտավարաշարային պարապմունքները:

Ուսումնական փուլի հանդիսավոր մեկնարկին հաջորդեցին մարտական պատրաստականության պլանով նախատեսված պարապմունքները: Դրանցից առաջինը մարտական տագնապի ազդարարման դեպքում զինանձնակազմի կողմից պահանջվող անհրաժեշտ գործողությունների իրականացումն էր: Եվ եթե առաջին երկու օրը գործողություններն իրականացվեցին ջոկի, դասակի, վաշտի եւ գումարտակի, ապա երրորդ օրը վերոհիշյալ գործողություններն անցկացվեցին արդեն զորամասի կազմով:

Հերթապահի կողմից տագնապի ազդանշան ստանալուց վայրկյաններ անց արդեն ազգային բանակի ստորաբաժանումները սահմանված կարգի համաձայն անհապաղ ձեռնամուխ եղան համապատասխան քայլերի իրականացմանը, լքեցին մշտական տեղակայման վայրերը եւ շարժվեցին  դեպի  կենտրոնացման շրջաներ:

Ուսումնական փուլով նախատեսված պլանային դասընթացների ընթացքին տեղերում հետեւելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի եւ ԶՈւ ԳՇ պետի տեղակալներն ու վարչություների պետերը պարբերաբար եղան ենթակա ստորաբաժանումներում, հետեւեցին նոր ուսումնական փուլի մարտավարաշարային պարապմունքներին: Աշխատանքային շրջայցների ընթացքում ստորաբաժանումների զինանձնակազմներին տրվեցին համապատասխան  ցուցումներ ու հանձնարարականներ:

Մարտական պատրաստության պլանի համաձայնª մարտի 10-ին էլ մեկնարկեցին ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի երկօրյա մարտավարաշարային պարապմունքները: Ստանալով «Հավաք» ազդանշանը` վարչությունների եւ առանձին բաժինների զինծառայողներն ու քաղաքացիական հատուկ ծառայողները սահմանված ժամանակահատվածում եւ համապատասխան հանդերձանքով ներկայացան ՀՀ ՊՆ վարչական համալիր:

Համալիրի շարահրապարակում ողջունելով անձնակազմին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես նշեց, որ մարտական պատրաստականությունը ծառայության կարեւոր բաղադրիչներից է եւ յուրաքանչյուր զինծառայող նաեւ քաղաքացիական հատուկ ծառայող պետք է կարճ ժամանակահատվածում պատրաստ լինի առաջադրվող խնդիրների կատարմանը:

Նշելով, որ նախորդ ուսումանական փուլի ընթացքում թե կարգապահության, թե մարտունակության բարձրացման առումով արձանագրվել են դրական արդյունքներ` պաշտպանական գերատեսչության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ մարտավարաշարային պարապմունքներում ներառված ստորաբաժանումներն իրենց առաջադրված խնդիրները հետայսու եւս պատվով կկատարեն եւ լավ հիմքերի վրա դրված ուսումնական գործընթացը շարունակական ու հաստատուն ընթացք կունենա:

Մարտի 10-ին օրը ուսումնական տագնապ էր տրվել նաեւ զինված ուժերի մի շարք այլ կառույցներում: Մինչ ՊՆ կենտրոնական ապարատի  անձնակազմի հետ հանդիպելը` պաշտպանական գերատեսչության ղեկավարը որոշ կառույցների մարտական պատրաստականությունը տեղում ստուգելու նպատակով այցելել էր նաեւ ՀՀ ՊՆ ՌՈ վարչություն եւ Հանրապետական զինկոմիսարիատ: